Փաշինյանն ակնկալում է, որ Պուտինը կմիջամտի գազի սակագնի թանկացման հարցին
Ցավոք՝ գազի գինը շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների առարկա: Նախկինում ՀՀ կառավարությունը դա միշտ օգտագործել է քաղաքական նպատակներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ այսօր մենք այսպիսի իրավիճակների ենք բախվում նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանքով: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի սակագինը բարձրացնելու ներկայացրած հայտին:
Հիշեցնելով, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից դիմել է «Գազպրոմին», որպեսզի վերանայվի գազի գինը՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը Փաշինյանն ասաց.
«Մենք առաջարկել ենք, որ բանակցություններ սկսենք գազի գինը նվազեցնելու ուղղությամբ: Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը՝ և՛ հումանիտար առումով, և տնտեսական առումով ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել, գալ ընդհանուր հայտարարի: Եվ ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս պրոցեսին, որպեսզի կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: Թե՛ մեր հանրության, թե՛ կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց, թե անընդհատ խոսվում է դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին, բայց մինչև օրս ռուսական գազի համար վճարվում է դոլարով: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկն է և այսօր ինքը դա կրկնել է, որ «ճիշտ կլինի գազի դիմաց ռուբլով վճարենք». «Դա ավելի տրամաբանական է: Հույս ունենանք, որ այս բանակցությունները հաջող կլինեն»,- ավելացրեց վարչապետը:
Նրա խոսքով, Հայաստանն այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունի, որը պետք է լուծվի:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: