Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիային ու կարևորել պաշտպանական գործընկերությունը
Լուսանկարը` mil.am
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ վստահեցնելով, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը կշարունակի զարգանալ։
X հարթակում (նախկին Twitter) տարածած գրառմամբ Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին։ Նա խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում է մաղթել Ֆրանսիային՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցությունն ու բարեկամությունը, մասնավորապես պաշտպանական ոլորտում, կընդլայնվեն՝ ի շահ երկու ժողովուրդների խաղաղության և բարօրության։
Վերջին երկու տարիներին Ֆրանսիան դարձել է Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը պաշտպանության ոլորտում․ կողմերը ստորագրել են «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի, GM-200 ռադարների և CAESAR հաուբիցների մատակարարման պայմանագրեր, ինչպես նաև զարգացնում են համագործակցություն ռազմական կրթության, համատեղ վարժանքների և ռազմավարական պլանավորման ոլորտներում: