Փաշինյանը և Բելգիայի վարչապետը կարևորել են տնտեսական կապերի խորացումը
Լուսանկարը` primeminister.am
Հուլիսի 14-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հանդիպումը, որի ընթացքում ընդգծվել է երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք գոհունակություն է արտահայտվել քաղաքական երկխոսության ընթացքի նկատմամբ, և կարևորվել են քայլերը՝ ուղղված առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, ներդրումների խթանմանը և գործարար կապերի ընդլայնմանը։ Բելգիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացին՝ վստահություն հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել կդառնա նոր խթան երկկողմ համագործակցության համար։
Վարչապետ Փաշինյանն իր հերթին գոհունակություն է հայտնել տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ սերտացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, ներառյալ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ առաջմղումը։ Վարչապետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է։