Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստվում են նոր գործընկերության օրակարգի ստորագրմանը
Լուսանկարը` primeminister.am
Բրյուսելում հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերահաստատել են գործընկերության խորացման պատրաստակամությունը և արդյունավետ երկխոսության կարևորությունը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մարթա Կոսը ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և ընդգծել ԵՄ-ի ու Հայաստանի միջև հետևողական և արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նա գոհունակությամբ նշել է, որ ավարտվել են ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում։ Հանձնակատարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել եվրոպական կառույցների ղեկավարների հետ և վստահություն է հայտնել, որ ԵՄ-ՀՀ համագործակցությունը կշարունակի զարգանալ տարբեր ուղղություններով։ Նա կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի ու ենթակառուցվածքների զարգացմանը, ՓՄՁ կարողությունների ընդլայնմանը և ԵՄ ստանդարտների ներդրմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵՄ ֆինանսական գործիքակազմերով իրականացվող ծրագրերը և տնտեսական համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին ուղղված կառավարության ծրագրերին, իսկ վարչապետը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը։
Մարթա Կոսը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները առարկայական քննարկելու նպատակով։