Սեռական բռնության դեմ պայքարի ոլորտը ՄԻՊ–ի աշխատանքի առաջնահերթություններից է
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 11-ին ընդունել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանին։
ՄԻՊ–ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտն իր աշխատանքի առաջնահերթություններից է։
Այս համատեքստում քննարկվել են համագործակցության ուղղություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել սեռական բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և վերականգնման մեխանիզմների արդյունավետությունը։
Անդրադարձ է կատարվել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին ու խնդիրներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի բարձրացված հարցերը և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։
Տաթևիկ Աղաբեկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։