ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները
Լուսանկարը` primeminister.am
Բրյուսելում հուլիսի 14-ին կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին Հայաստանի հետ խորացող գործընկերության կարևորությունը և աջակցությունը՝ ուղղված երկրի ինքնիշխանությանն ու ժողովրդավարական բարեփոխումներին։
Հանդիպման ժամանակ ընդգծվեց ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը՝ կարևոր հանգրվան համարելով այն հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Ընդունվեց նաև դրական առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում, ինչպես նաև բարձր գնահատվեց Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ ԵՄ-ը վերահաստատեց պատրաստակամությունը՝ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումների միջոցով աջակցելու Հայաստանի ներառական աճին և ենթակառուցվածքային կապերին՝ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում։
Այս համատեքստում կարևորվեց նաև «Դիմակայունություն և աճ» ծրագրով տրամադրվող 270 միլիոն եվրոյի աջակցությունը, որը 50 տոկոսով գերազանցում է ԵՄ-ի նախորդ ֆինանսավորումը։ Նշված ծրագիրը ներառում է 200 մլն եվրոյի ուղղակի դրամաշնորհ և 70 մլն եվրոյի ներդրումային օժանդակություն՝ ուղղված սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, էներգետիկային, տրանսպորտին և մասնավոր հատվածին։
Կողմերը քննարկեցին նաև անվտանգային խնդիրները, ներառյալ արտաքին միջամտությունները, ապատեղեկատվությունը և կիբեռսպառնալիքները։ ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց համատեղ գնահատելու Հայաստանի կարիքները և աջակից լինել՝ այդ սպառնալիքներին դիմակայելու հարցում։ Այս առումով հայտարարվեց 1.5 մլն եվրոյի նոր ծրագիր՝ անկախ լրագրության ամրապնդման նպատակով։
Եվրոպացի առաջնորդները ողջունեցին Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, Ադրբեջանի հետ շարունակվող բանակցային գործընթացը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Հանդիպման ավարտին նշվեց, որ Հայաստանը կդառնա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիրը։ Կողմերը համաձայնեցին շարունակել համագործակցությունը առաջիկա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին։