Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անհիմն է համարել ադրբեջանական կողմի հայտարարությունները փախստականների վերադարձի և նրանց հետ ուժային կառույցների տեղակայման մասին՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Հուլիսի 14-ին կառավարության շենքի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ, երբ բողոքում էին զոհված զինծառայողների հարազատները, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի վերջին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները, մեղմ ասած, անիրատեսական են։
Չախոյանը մասնավորապես անդրադարձավ այն պնդումներին, թե ադրբեջանցի փախստականների վերադարձին զուգահեռ, անհրաժեշտ է նաև ուժային կառույցների տեղակայումը Հայաստանի տարածքում։
«Դուք ո՞նց եք պատկերացնում ՀՀ սուվերեն տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը։ Այդ դեպքում, ուրեմն, պետք է քննարկվի նաև Ադրբեջանից գաղթած հայերի վերադարձի հարցը։ Ընդհանրապես խորհուրդ կտամ չմտնել այդ խոսակցության մեջ, դա այն բազմաթիվ նարատիվներից է, որ Ադրբեջանը փորձում է առաջ տանել, որոնք, մեղմ ասած, ես կարծում եմ՝ անիրատեսական է»,– ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում։ Չախոյանի խոսքով՝ քննարկվել են խաղաղության պայմանագրին վերաբերող բոլոր հարցերը։ «Կարող էին և 25 ժամ քննարկել, ի՞նչ խնդիր կա։ Առաջիկայում կլինեն նաև հայտարարություններ, փոքր ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ է քննարկվել և ինչ-ինչ հարցերի շուրջ կան կոնսենսուսներ»,– նշել է նա։
Լրագրողներից ոմանք անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի ժեստերին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում, ինչին Չախոյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը մարդ է՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի վարչապետն է։ Երբեմն կարող է քրտնել, երբեմն կարող է քիթը քոր գալ, երբեմն կարող է ճակատը քոր գալ։ Նորմալ է, որ էդ մարդը ճակատի քրտինքն է սրբում կամ ընդամենը քորում է։ Պետք չի վարչապետի ամեն մի արած շարժումը խորը քաղաքագիտական վերլուծությունների արդյունք սարքել»։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հինգ ժամ տևած հանդիպումը։ Այն անցել է փակ ձևաչափով, իսկ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ նշվել է կողմերի հանձնառությունը՝ շարունակելու բանակցությունները և փնտրելու փոխընդունելի լուծումներ։ Սակայն հանդիպման արդյունքում որևէ կոնկրետ պայմանավորվածություն կամ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետ չի հայտարարվել։