2.12.2025
Ուիթքոֆը մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
prev Նախորդ նորություն

Կանադան դարձել է ԵՄ-ից դուրս առաջին երկիրը, որ միացել է SAFE պաշտպանական ծրագրին

Եվրամիությունը և Կանադան դեկտեմբերի 1-ին հայտարարել են, որ Օտտավան միանում է «Եվրոպայի համար անվտանգության գործողություն» (SAFE, Security Action for Europe) եվրոպական պաշտպանական նախաձեռնությանը։ Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի նախագահի և Կանադայի վարչապետի տարածած համատեղ հայտարարության մեջ։


«ԵՄ-ի 150 միլիարդ դոլարի պաշտպանական ներդրումների գործիքը կմեծացնի Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության բազան համատեղ գնումների միջոցով, ինչն օգուտ կբերի բոլոր մասնակից երկրներին», – նշված է հայտարարության մեջ։


Կողմերն ընդգծում են, որ այս «աշխարհաքաղաքական անհանգիստ ժամանակներում» դա թույլ կտա ընդլայնել համագործակցությունը, հասնել պաշտպանական նպատակներին և ավելի նպատակահարմար ծախսեր կատարել։


«Միասին մենք կկառուցենք մեր արդյունաբերությունների միջև կայուն պաշտպանական մատակարարման շղթաներ՝ համաշխարհային անվտանգության համար կարևորագույն պահին», – ասվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մարկ Քարնիի համատեղ հայտարարության մեջ։


Նշվում է նաև, որ SAFE ծրագիրը կարևոր օգնություն կտրամադրի Կիևին և կամրապնդի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունը։


Այսպիսով,Կանադան դարձել է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրը, որը մուտք գործեց SAFE: Վարչապետ Մարկ Քարնին առանձին հայտարարությամբ ընդգծել է Կանադայի պաշտպանական գնումների համակարգը դիվերսիֆիկացնելու և երկրի հարաբերությունները Եվրամիության հետ ամրապնդելու իր մտադրությունը:


«Կանադայի մասնակցությունը SAFE-ին կօգնի փակել հիմնական կարողությունների առումով առկա բացերը, ընդլայնել շուկաները կանադացի մատակարարների համար և եվրոպական պաշտպանական ներդրումներ ներգրավել Կանադա», – նշվում է Քարնիի հայտարարության մեջ, որը տարածել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։


Ավելի վաղ SAFE-ին միանալու ցանկություն էր հայտնել նաև Միացյալ Թագավորությունը, սակայն Լոնդոնը դժգոհ է եղել պահանջվող անդամավճարից։


SAFE հիմնադրամը ստեղծվել է 2025 թ. մայիսին՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի դեմ Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու համար:


SAFE-ի նպատակներից են նաև պաշտպանության ոլորտում Միացյալ Նահանգներից Եվրոպայի կախվածության նվազեցումը և Ուկրաինային օգնության ցուցաբերումը: