25.11.2024
Հանդիպում Պետերբուրգում.  Ֆրանսիան  և ԱՄՆ-ն արժանացան ԼՂ ճակատագրին
21.06.2016
Հանդիպում Պետերբուրգում. Ֆրանսիան և ԱՄՆ-ն արժանացան ԼՂ ճակատագրին

Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովին Ֆրանսիան և ԱՄՆ-ն արժանացան Լեռնային Ղարաբաղի ճակատագրին: Ժամանակին Ստեփանակերտին դուրս թողեցին բանակցային գործընթացից, այժմ նրանք են արժանանաում այդ ճակատագրին: Պետերբուրգի եռակողմ հանդիպումից միայն հետո ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներին հազիվ թույլ տվեցին մոտենալ նախագահներին: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Թեպետ Պետերբուրգում ընդունված եռակողմ հայտարարության տեքստում նշվում է, որ կողմերը վերահաստատել են Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները, սակայն հստակ չի խոսվում շփման գծում իրավիճակի ֆիքսման և վերահսկման սարքավորումների տեղադրման մասին: Հայտարարության տեքստի մեջ նաև գրավոր ֆիքսվեց այն, ինչ մինչ օրս դե-ֆակտո գործել և գործում է: Սա Ռուսաստանի նախաձեռնությամբ «ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի» անցկացվող եռակողմ հանդիպումներն են: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումներն այդ ձևաչափում: Այսինքն՝ Ռուսաստանը պահում է դեռ ապրիլի 5-ին իր ջանքերով ռազմական գործողությունների դադարեցմամբ հակամարտության կարգավորման գործընթացում վերցրած «բարձր նոտան»: Չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովին, սակայն նրանք գործանական մասնակցություն չեն ունեցել այդ քննարկումներին: Ինչպես նշեց Լավրովը, եռակող հանդիպումն անցել է «առանց օգնականների ու ուղեկիցների»: Սա նշանակում է ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները, ինչպես նախկինում Սոչիի կամ Կազանի քննարկումներին, զբոսնում էին հանդիպումների միջանցքներում: Նրանց միայն հետո են ներկայացվել Պետերբուրգի հանդիպման արդյունքները: Ստեփան Գրիգորյանի խոսքով, սա մի կողմից դրական, սակայն միյուս կողմից էլ բացասական իրողություն է: «Մեկ գերտերություն չի կարող զբաղվել այս խնդրի համապարփակ կարգավորմամբ, սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանն շահագրգռված չէ գոնե այս տեսքով համանախագահների ձևաչափի պահպանման հարցում, քանի որ սա այն եզակի հարթակներից է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, համագործակցում են», - ասաց նա: Ինչ վերաբերում է Պետերբուրգի բանակցությունների արդյունքներին, ապա ըստ քաղաքագետի, այնտեղ միայն պայամավաորվածություն ձեռք բերվեց Անջեյ Կսպրշիկի գրասենյակի լիազորությունների մեծացման ու շջման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման մասին: «Սա մեծ առաջընթաց չէ, քանի որ 200 կմ-ից ավել սահմանին մի քանի տասնյակ կամ հարյուր դիտորդները ոչինչ չեն կարող անել: Բայց բացասական է այն, որ նրանք չխոսեցին կանխարգելիչ մեխանիզմենրի ստեղծման մասին: Պարզ է Ադրբեջանը սրան դեմ է: Ադրբեջանը թեպետ չխոսեց պատերազմից, սակայն սկսեցին մեծ զորավարժություններ», - ասաց նա: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում նոր բան չի տեղի ունեցել. «Ուղղակի պետք է հասկանալ որ Ադրբեջանը հետ չի կանգնել պատերազմի տրամաբանությունից: Ուստի այս ժամանակը պետք է օգտագործի հայկական բանակը նոր իրավիճակին ադապտացվելու և բարձրացնի իր մարտունակությունը»: Ստեփան Գրիգորյանի կարծիքով էլ ապրլյան իրադարձություններից հետո ընկած ժամանակահատվածում հայ հասարակության մեջ տեղի է ունենում ինֆորմացիոն պատերազմ, որի առանցքում է բանակը և իշխանությունների բացատրությունների բացակայությունը: «Հարցեր են հնչեցվում, թե ո՞ւր գնացին Ղարաբաղի համար հավաքվող փողերը: Կարծում եմ դա նպատակային է օգտագործվել, բայց պետք է դրան էլ հստակ պատասխան տրվի: Բանակի նկատմամբ հատկապես սպառազինության ու ճիշտ գործողությունների մասով շատ հարցեր կան: Հարցեր կան նաեւ բանակում եւ այլ օղակներում կոռուպցիայի հետ կապված», - ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ այս ամենը հանգեցրեց նաև բանակի նկատմամբ վստահության որոշակի սասանման: