25.11.2024
Վարչապետը հանձնարարել է հայտարարագրման նոր մեխանիզմներ մշակել
17.06.2016
Վարչապետը հանձնարարել է հայտարարագրման նոր մեխանիզմներ մշակել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները: Զեկուցողի խոսքով՝ վերլուծությունը հիմնված է շուրջ երկու տասնյակ երկրների միջազգային փորձի և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերի ուսումնասիրության վրա՝ մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնելով հետևյալ հարցադրումների վրա. ինչպե՞ս է մեկնաբանվում և կիրառվում ՄԱԿ-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածն արտասահմանյան երկրներում, ինչպե՞ս է քրեականացվել ապօրինի հարստացումն արտասահմանյան երկրներում, ի՞նչ ինստիտուցիոնալ միջոցառումներ են կիրառվել այդ նպատակով, ինչպիսի՞ պատժամիջոցներ են նախատեսվել, և ինչպիսի՞ լուծումներ կարող են կիրառվել մեր օրենսդրությունում, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի նախագծում` ապօրինի հարստացման հանցակազմը կատարելագործելու նպատակով։ Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Կարևորելով այս խնդիրը՝ ես ուզում եմ հիշեցնել մեր գործընկերներին, որ կառավարությունն այն ներառել է 2015-2018 թթ. Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունում և առաջարկում եմ հանձնարարել արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում հասարակական հատվածի մեր գործընկերների, բոլոր շահագրգիռ մարմինների հետ ձևավորել օրենսդրական փաթեթ, քննարկել, նախապատրաստել և ուղարկել Ազգային ժողով»: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից իրականացվող կանխիկ գործարքների ինստիտուտի կիրառման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները: ՀՀ ԿԲ փոխնախագահը նշել է, որ առաջարկությունները մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, և երկրների կողմից նշված սահմանափակումները հիմնականում կիրառվում են հետևյալ նպատակներով՝ ստվերային տնտեսության դեմ պայքար և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար և անկանխիկ վճարումների մշակույթի ձևավորում: Վարչապետը կարևորել է նշված հարցի կարգավորումը և առաջարկել հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել մշակված առաջարկությունները: Զեկուցումով է հանդես եկել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները: Նա, մասնավորապես, նշել է, որ գործող համակարգի արդյունավետության գնահատումն իրականացվել է հետևյալ հարցադրումների հիման վրա՝ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակ, հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակ, հայտարարագրերի տեսակներ, հայտարարագրերում զետեղված տեղեկատվության արժանահավատության ստուգման մեխանիզմների առկայություն և հայտարարագրերի ռեժիմի կիրարկումն ապահովող սանկցիաների համակարգ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմների և նոր թիրախային խմբերի ներգրավման վերաբերյալ առաջարկություններ և քննարկել դրանք հասարակական կազմակերպությունների հետ: