Հայ-ռուսական համաձայնագրից մեկ տարի է անցել. Ո՞ւր է ռուսական զենքը
«Ուղիղ մեկ տարի է անցել հայ-ռուսական համաձայնագրի վավերացումից, որով Ռուսաստանը Հայաստանին պետք է տրամադրեր 200 մլն դոլարի վարկ ՝ ռուսական արտադրության զենք գնելու համար: Կատարվե՞լ է այդ համաձայնագիրը»: Հարցը Ազգային Ժողովում հնչեցրեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով՝ համաձայնագիրը կատարված է 80 տոկոսով.
«Պայմանագրերը կնքված են, գործընթացները կատարման փուլում են»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ պայմանագրերը կնքված են դեռ չի նշանակում կատարված: Պատգամավորի խոսքով՝ եթե զենք դեռ Հայաստանում չի, դա նշանակում է համաձայնագիրը չի կատարվել, որովհետև պայմանագրերը դեռ մեկ տարի առաջ էին կնքվել, բայց մինչ այս պահը արդյունք չկա:
Արա Նազարյանը , սակայն, կրկնեց նույնը. գործընթացները կատարման փուլում են:
Հիշեցնենք, վարկային համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանը ՌԴ-ից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Игла-С» զենիթային հրթիռային համակարգեր եւ դրա հրթիռներ, «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ТОС-1А» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «РПГ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «СВД» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Тигр» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ: