VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Ղարաբաղից վերադարձե՞լ է, ի՞նչ էր անում Ղարաբաղում՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Դե, գրել եք` Մնացականյան Լյովան առիթ ուներ, Վազգենի 60-ամյակն էր, գնաց վանքեր` Գչավանք, Ամարաս»։ Իսկ Անվտանգության խորհրդի համատեղ նիստից ինչո՞ւ որոշ մանրամասներ հաղորդագրությունում տեղ չգտան, ընդհանուր ձեւակերպումներ էին: «Շատ ծավալուն քննարկում էր` բոլոր ուղղություններով, խոսվել է ամեն ինչից, ընդհուպ մինչեւ Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք ռազմավարական ծրագրեր. հասկանալի է` առանց տնտեսություն անվտանգություն չի լինում։ Պայմանավորվածություն կա թեմաները չհրապարակայնացնել»: Քոչարյանի մասին չի՞ խոսվել: «Անվտանգության նիստում ի՞նչ խոսեին»: Ի՞նչ տպավորություն են ստացել ԱԽ նիստին մասնակցած ղարաբաղցիները։ «Շատ գոհ էին՝ ինչ հարց բարձրացրել են, Նիկոլը խոստացել է լուծել, հետն էլ նորից ասել է, որ հող չի հանձնելու»։ Մարտի 15-ին ադրբեջանական զորավարժություններն ավարտվեցին՝ Ադրբեջանը զորքը հե՞տ է քաշել, թե՞ նախորդ անգամվա պես (2018թ. ապրիլից-հուլիս) պահել է սահմանին։ «Այս անգամ զորքն առաջնագծին մոտ չի եղել, չենք կարող ասել՝ հիմա էնտե՞ղ են, թե՞ ոչ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, ամեն հինգշաբթի պարտադիր նիստեր էին անում, որից հետո հանդիսավոր կերպով պատմում այդ նիստում տեղի ունեցած քննարկումների մասին: Բայց ինչպես ասում են, հիմա փոխվել են ժամանակները, եւ ամենշաբաթյա նիստերի կարիք այլեւս չկա. ի վերջո, ՀՀԿ-ն` որպես կուսակցություն, կամաց-կամաց «մարում է»: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական էր տվել, եւ, մեր տեղեկություններով, որքան մոտենա այդ օրը, այնքան իշխող ուժի անդամները սկսելու են ավելի սուր քննադատել նորընտիր իշխանություններին` փորձելով ապացուցել, որ այդ մեկ տարում կա՛մ ոչինչ չի փոխվել, կա՛մ նույնիսկ ամեն ինչ դեպի ավելի վատն է փոխվել: Ավելին, մեր տեղեկություններով` ապրիլի 23-ին հայտարարությամբ է հանդես գալու նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Որքան մոտենում է Արցախի նախագահի ընտրության օրը, այնքան հավանական թեկնածուներն ավելի են ակտիվանում` փորձելով անուղղակի քարոզարշավ ծավալել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս պահի դրությամբ արդեն հայտնի են մի քանի թեկնածուների անուններ՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան, ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայան, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան, չի բացառվում` նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան, որն արդեն ունի իր սեփական կուսակցությունը: Եվ նրանցից յուրաքանչյուրը որոշ չափով արդեն քարոզչություն է սկսել՝ իր շուրջը համախմբելով մարդկանց: Օրինակ` երեկ Վիտալի Բալասանյանը դիմել է նախագահին իր դեմ մահափորձ կատարողներին ներում տալու խնդրանքով: Արցախում, շատերի կարծիքով, Բալասանյանի այս քայլն իրականում նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում, երբ փորձում է ընտրություններից առաջ մարդասիրական քայլեր անել: Հիշեցնենք, որ Բալասանյանի դեմ մահափորձ էր իրականացվել 2013թ. դեկտեմբերի 29-ին: Մահափորձ կատարելու համար դատապարտվել էին Արա Ավետյանն ու Սերգեյ Հարությունյանը»:
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարությունները երեկ խիստ կցկտուր հաղորդագրություն են տարածել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին. «Քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,-ընդամենը այսքանն է ասված ոչինչ չասող հաղորդագրությունում: Մեր աղբյուրների հավաստմամբ, սակայն, հեռախոսազրույցի հիմնական թեման Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպումը եւ հանդիպման ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները ճշտելու եւ ռուսական կողմի դիրքորոշումները հայտնելու շուրջ է եղել: Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-որ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն ՌԴ-ն չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Հերթում առաջինը Արաքսի ափին ավազի արդյունահանման բիզնեսն է, որով հնարավոր է զբաղվել միայն վարչական լծակների առկայության դեպքում, ինչն այսօր չունեն Աբրահամյանները, բայց ունի Սարգսյանը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի վերջին օրերի «հեղափոխական» պահվածքը շատերի համար անհասկանալի է եղել ոչ միայն այն պատճառով, որ ունենալով սեփական ռեստորան, սեփական ձեղնահարկ, Կենտրոնի բազում խնդիրները թողած (Հայկ Մարությանի հետ ձեռ ձեռի տված), սկսել է ամենեւին ոչ էական խնդիրներ «լուծել»՝ սրճարաններն ապամոնտաժելով: Ավելին, քանդվել է ընդամենը երկու սրճարան, իսկ Սամվել Ալեքսանյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, «Վստրեչի» Ապերի, Արարատ Զուրաբյանի, ոչ անհայտ Պետրոս Ղազարյանի «կաֆեները» մնացել են սրբորեն անձեռնմխելի: Պատահական չէ, որ քաղաքապետ, ավելի ճիշտ, «սուպեր մամա» Հայկոյին իր հեռուստատաղավարում հյուրընկալած Պետրոսը ոչ մի հարց չհնչեցրեց այդ մասին: Ի դեպ, քանդված սրճարաններից «Ջազվեի» սեփականատերերից մեկը Մնացականյան Վիկտորի հորաքրոջ որդին է, մյուսը` քավորը։ «Ժամանակին Վիտյան էդքան պինդ կանգնած էր Ռոբերտ Քոչարյանի ու Հովիկ Աբրահամյանի կողքին»,- ասաց ասողը»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են։ Նրանք ինքնուրույն հաջողությունների չեն հասել, բայց կարծում են, որ մեծ ներդրում ունեն իրենց ամուսինների հաջողության հարցում, ուստիեւ՝ իշխանական լծակներից օգտվելու մեծ իրավունքներ։ Բայց եթե ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի իրավասությունները քիչ թե շատ հստակ են, ապա անհասկանալի են մյուս «առաջին տիկնանց» հավակնություններն ու գործառույթները։ Ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Արարատ Միրզոյանի կինը։ Երրորդ տեղում, որքան էլ զարմանալի է, քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ ազգությամբ չեխ, համեստ ու առաջին հայացքից պասիվ Իվան։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հայկի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո կինը քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն, հավանաբար, հասկացրին, որ դա գեղեցիկ չէ, եւ նա հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո։ Ասում են, որ նա ըստ էության քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում՝ ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր։ Նաեւ շատ հաճախ ամուսնու փոխարեն պատասխանում է նրա հեռախոսին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դրսից բաժնեմաս ունեցող, միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների շրջանում մեծ դժգոհություններ են հասունանում ՀՀ կառավարության հանդեպ, եւ նրանք որոշել են համախմբել իրենց ուժերը։ Այդ նպատակով պարբերաբար հանդիպում են՝ քննարկում իրենց վիճակը, հարաբերություններն իշխանությունների հետ, անելիքները։ Այս պայմանական միավորման մեջ են ներգրավված «Լիդիան ինթերնեյշնլը», «Վեոլիա ջուրը», «Սանիթեքը», կապի որոշ օպերատորներ եւ այլն։ Եվ քանի որ նրանց խնդիրները ժամանակի ընթացքում ոչ թե լուծվում են, այլ աճում, ուստի ընդհանուր միտում կա դիմելու արբիտրաժային ատյաններ։ Այս առումով «Լիդիանի» նախնական զգուշացումը՝ 3 ամսից արբիտրաժային դատարան դիմելու մասին, նրանց սրտով է, եւ մյուսները սպասում են այս հարցով հետագա զարգացումներին։ Մեզ ասացին, որ իրավաբանական-խորհրդատվական ծառայությունն էլ մեկ ընդհանուր ընկերություն է իրականացնում, որը պատրաստում է «քեյսերը» եւ երաշխավորում դատարանում հաղթանակը։ Բայց արբիտրաժ դիմելը պետության համար ոչ միայն մեծ գումարների վճարման հետեւանքով է հղի, այլեւ դրա արդյունքում արտերկրից ներդրումների հեռանկարն իսպառ կվերանա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում՝ կապված «վիճակախաղերի» մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։ Մեր աղբյուրները պնդում են, որ նոր իշխանությունների նման քայլերի հետեւանքով հազարավոր մարդիկ կա՛մ կդառնան գործազուրկ, կա՛մ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը, խոսքը ոչ միայն այդ գրասենյակներում աշխատողների, այլեւ վարձակալությամբ բուքմեյքերականներին տարածքներ հանձնած մարդկանց մասին է։ Փաստն այն է, որ տվյալ փոփոխությունների արդյունքում պետությունը կկրի ոչ միայն հսկայական նյութական վնաս` ի դեմս լիցենզիայի գումարի, սոցվճարների, գույքահարկի եւ այլն, այլեւ հազարավոր մարդիկ կդառնան գործազուրկ, ինչպես նաեւ չի լուծվի գլխավոր խնդիրը` խաղադրույք կատարողը կշարունակի խաղալ, բայց դա կանի բացառապես համացանցի միջոցով։ Մեր աղբյուրները պնդում են, որ մի քանի բուքմեյքերականների աշխատողներ ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել հենց այսօր, բայց նրանց ղեկավարներին դեռեւս հաջողվում է կանխել դա, սակայն մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ երկար զսպել չեն կարող, մարդկանց օրվա հացն է վտանգված. խոսքը մոտավոր հաշվարկով 6000 մարդու մասին է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պրն Սիմիդյան, Նիկոլ Փաշինյանն իր «վտարանդիության» 11 ամիսն անցկացրել է Ձեր տանը. ի՞նչ էիք անում` չէ՞ր ձանձրանում Փաշինյանը ողջ օրը։ «Նորմալ, մի տան մեջ ապրում էինք»: Իսկ հարեւաննե՞րը։ «Տեղյակ չէին»: Բա Ձեր տուն իսկի մարդ չէ՞ր գալիս։ «Իհարկե, գալիս էին. մեր տունը երկու հարկ է, ինքը հիմնականում մնում էր երկրորդ հարկում»: Իսկ ներքին տագնապ ունեի՞ք, որ, ահա, մեկ էլ ու կարող է Գորիկ Գուրգենիչը հայտնվի, եւ Ձեր ընտանիքի բոլոր անդամներին մեղադրեն «իմանալ-չհայտնելու» հոդվածով: «Բացարձակ. մենք համոզված էինք, որ ամեն ինչ ճշմարտության ու լավի համար է արվում»: Այն ժամանակ տեսակետ կար, որ ԱԱԾ-ն չէր ցանկանում հայտնաբերել նրան։ «Հատուկ ծառայությունները ջանք չեն խնայել, որ նրան հայտնաբերեն։ Չկարողացան»: Վանեցյանը կկարողանա, չէ՞, հիմա հայտնաբերել, եթե Սերժ Սարգսյանը թաքնվի։ «Եսի՞մ»:
«Փաստ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ աշխատանքից ազատվեց ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, սակայն այս տեղեկությունը լրատվականներում հայտնվեց միայն անցնող շաբաթվա վերջում եւ առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Գեւորգյանի ազատումն ունի կոնկրետ քաղաքական մոտիվացիա: Թերթը պարզել է, որ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության ներկայացուցիչների հետ եւ խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաեւ նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թեւի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն: Այս ամենի մասին էլ տեղեկացել է ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ «վստահությունը կորցնելու» հիմքով նրան ազատել աշխատանքից: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ԵՊՀ-ում «քաոս» կազմակերպելու համար Գեւորգյանին խոստացել էին ռեկտորի պաշտոնը: Ի դեպ, տեղեկություն կա, որ ԵՊՀ-ում «Ռեստարտի» համար «պռախոդ էր» բացել հենց Գեղամ Գեւորգյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է հանձնաժողով հրավիրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, այդ թվում՝ ոստիկանությունում: Հետաքրքիր է, թե ինչպես իրենց կպահեն հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները, երբ անդրադարձ լինի ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառմանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ: Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի եւ 10 դատավորների նկատմամբ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշել է, թե անպատասխան է թողնում այն, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Այդ դատավորների թվում նշվում է նաեւ Ստեփան Միքայելյանի անունը, քանի որ նրա գործողությունների հետ կապված նույնիսկ քաղաքացին բողոքել է նախարարին: «Վարույթ չի հարուցվել, քաղաքացին դիմել է արդարադատության նախարարին, իսկ նախարարը մեզ հարցադրումներ է ուղարկել, մենք էլ մեր բացատրությունն ենք տվել»,- ասաց Միքայելյանը»: