Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 13-ին կքննարկի հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը։
«Նոյեմբերի 13-ին տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու հարցը», — հայտնել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, հուլիսի 23-ին Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնել է, որ նա և իր ընտանիքը արբիտրաժային գործ են շահել Հայաստանի կառավարության դեմ։ Կարապետյանի ընտանիքը արբիտրաժային վեճի քննություն էր նախաձեռնել Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտում։ Հուլիսի 22-ին արտակարգ արբիտրաժը Հայաստանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքներում վերջերս ընդունված փոփոխություններով սահմանված դրույթների կիրառումից, ինչպես նաև ընկերության բռնագանձմանն ուղղված հետագա քայլերից։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ արտակարգ արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման Հայաստանի կառավարության կողմից։
Նաև հուլիսին միջազգային արբիտրաժն արգելել էր Հայաստանի կառավարությանը բռնագանձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ակտիվները, փոխել ընկերության կառավարման մարմինների կազմը և հետ կանչել լիցենզիան։
Օգոստոսի սկզբին արտակարգ միջազգային արբիտրաժը հաստատել է, որ ընկերության բռնագանձումից ձեռնպահ մնալու վերաբերյալ Հայաստանի կառավարությանը պարտավորեցնող իր որոշումը ենթակա է անհապաղ կատարման։ Որոշման հրապարակումից հետո Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարությունը կարող է չկատարել արտակարգ արբիտրաժի որոշումը, քանի որ այն պետք է ճանաչվի երկրի դատարանների կողմից։
Չնայած դրան՝ իշխանությունները շարունակել են ընկերության բռնագանձմանն ուղղված գործողությունները։ Մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչն աշխատանքից ազատել է առանցքային աշխատակիցների և մասնաճյուղերի տնօրեններին։
Օգոստոսի 11-ին Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը պաշտոնապես նախաձեռնել են միջազգային արբիտրաժային դատավարություն Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էքսպրոպրիացիայի (բռնազավթման) համար նրան պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Կարապետյանի ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային դատարանը Հայաստանին պարտավորեցնի հատուցել ինչպես արդեն իսկ կրած, այնպես էլ սպասվող վնասները։ Ըստ նախնական գնահատականի՝ վնասի չափը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար և ենթակա է արբիտրաժային դատարանի կողմից վերջնական գնահատման։
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն հայտարարել է Հայ առաքելական եկեղեցուն (ՀԱԵ) աջակցելու մասին՝ իշխանությունների կողմից եկեղեցու հասցեին հնչող քննադատության ֆոնին։ Գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել և Հայաստանի ղեկավարությանն անվանել է անկայացած։ Եկեղեցուն աջակցելու նրա դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որը Facebook սոցիալական ցանցում մի քանի գրառում է արել՝ վիրավորանքներ հնչեցնելով հոգևորականների և եկեղեցու բարերարների հասցեին։