Մյուս տարվանից 200 000 դրամ և ավել ստացողները կմիանան ապահովագրությանը. նախարար
Լուսանկարը` parliament.am
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է 2026 թվականից 200.000 դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգին միանալու կարգը։ Փաթեթի տարեկան արժեքը կկազմի 129.600 դրամ՝ ամսական վճարման սկզբունքով։
Նախարարը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է այն մեխանիզմների մասին, որոնք պետությունը կկիրառի քաղաքացիների ֆինանսական բեռը մեղմելու համար։
200.000-ից 500.000 դրամ աշխատավարձ ստացող անձինք հնարավորություն կունենան «Զինապահ» հիմնադրամին վճարել 1000 դրամ (նախկին 5500 դրամի փոխարեն)։ Խնայված 4500 դրամը նրանք կկարողանան ուղղել առողջության ապահովագրության վճարին։ Բացի այդ, 2026թ. եկամուտների հայտարարագիր լրացնելով՝ նրանք կկարողանան ամսական 6000 դրամ ետ ստանալ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, սա նշանակում է, որ մինչև 500.000 դրամ ստացող քաղաքացիները կխնայեն 10.500 դրամ, ինչը գրեթե ամբողջությամբ կփակի ապահովագրության ամսական վճարը (որը կազմում է 10.800 դրամ):
500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձինք նույնպես «Զինապահ» հիմնադրամին կվճարեն 1000 դրամ (7500-ի փոխարեն)՝ 6500 դրամն ուղղելով ապահովագրությանը։ Նրանք 2027թ. հայտարարագիր լրացնելով՝ ետ կստանան ամսական 4000 դրամ։