10.11.2025
Լուսանկարը` armradio.am
prev Նախորդ նորություն

«Առագաստի» գործը. դատարանը թույլատրել է Պողոս Պողոսյանի աճյունի արտաշիրիմումը

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ 24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու վերաբերյալ։ Որոշումը կայացվել է գործով ի հայտ եկած նոր հանգամանքների, մասնավորապես՝ վկայի նոր ցուցմունքի հիման վրա։


Ինչպես հաղորդում է 1lurer.am-ը, արտաշիրիմման անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի կողմից այս տարվա մայիսի 16-ին տրված ցուցմունքից հետո։


Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած այս հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ 2001 թվականին տեղի է ունեցել ոչ թե անզգույշ սպանություն, այլ դիտավորյալ սպանություն։ Արտաշիրիմման նպատակն է պարզել մահվան իրական պատճառը. արդյոք Պողոսյանը մահացել է քաշքշուկի ժամանակ ընկնելու հետևանքով, թե նրան դիտավորյալ են սպանել։


Քանի որ Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Ջավախքում, հայկական դատարանը նրա աճյունն արտաշիրիմելու հարցով կդիմի Վրաստանի իրավասու մարմիններին։


Հիշեցնենք, որ 2002 թվականին այս գործով մեղավոր էր ճանաչվել Աղամալ Հարությունյանը, որն այն ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ էր։ Նա դատապարտվել էր «անզգուշությամբ սպանություն» կատարելու համար (նախկին ՔՕ 103-րդ հոդված)։ Ըստ այն ժամանակվա դատավճռի՝ սրճարանի զուգարանում տեղի ունեցած «փոխադարձ քաշքշուկի» ընթացքում Պողոսյանը վայր է ընկել, գլուխը հարվածել սալիկապատ հատակին և մահացել։ Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չէր կիրառվել, և սահմանվել էր 1 տարի փորձաշրջան։


Պողոս Պողոսյանի մահվան գործը վերաբացվել էր 2020 թվականին, երբ Վերաքննիչ դատարանը, բավարարելով դատախազության բողոքը, բեկանել էր 2002 թվականի վճիռն ու գործն ուղարկել նոր քննության։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next