ՀԷՑ-ը կարող է զրկվել լիցենզիայից. Պետրոսյանը 10 խախտում է հայտաբերել
Լուսանկարը` Sputnik
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հավանական է համարում ընկերության լիցենզիայի դադարեցումը։ Որպես հիմնավորում նա նշել է իր ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված մոտ 10 լուրջ իրավախախտում։
Լրագրողների հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարույթն ավարտվում է նոյեմբերի 18-ին։ Նա հայտարարել է, որ վեր է հանել «շուրջ 10 հիմնավոր պատճառ», որոնց հիման վրա, օրենքի համաձայն, «հավանական է համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի իր լիցենզիայից»։
Որպես առանցքային խախտումներ՝ Պետրոսյանը նշել է ՀԷՑ-ի ղեկավարության կողմից «կեղծ հաշվետվություններ» ներկայացնելը, ինչն ուղղակիորեն ազդել է սակագնի ձևավորման վրա։
Բացի այդ, նա մատնանշել է «խիստ կողմնակալ և խտրական» գնումների գործընթացները, որոնք հակասել են ՀԾԿՀ նորմերին։ Նրա խոսքով՝ սա ստեղծել է «տնտեսական փակ մենաշնորհային արժեշղթա» և ապահովել «գերշահույթների միգրացիա» ՀԷՑ-ից դեպի «Տաշիր» խմբի հետ ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված ընկերություններ։ Պետրոսյանը պնդում է, որ տասնյակ միլիարդների ներդրումային ծրագրերն իրականացվել են «Տաշիր»-ի հետ փոխկապակցված միավորների կողմից՝ արգելափակելով ոլորտում մրցակցությունը։
Որպես երրորդ խնդիր՝ նա նշել է ցանցերի «ծայրահեղ վատթար տեխնիկական վիճակը» կառավարությունից և հանրությունից թաքցնելը, ինչպես նաև «տասնյակ միլիոնավոր կիլովատ ժամ» էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառությունը։
Պետրոսյանը հավելել է, որ բոլոր այս փաստերով նախաձեռնվել է շուրջ մեկուկես տասնյակ քրեական վարույթ, որոնք քննվում են Հակակոռուպցիոն կոմիտեում և Քննչական կոմիտեում։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին դատարանը ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո վարչապետը հայտարարել էր ընկերության ազգայնացման մասին։ Համապատասխան օրենքն ԱԺ-ն ընդունել է հուլիսի 3-ին։