«Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում ավարտվել է ՌԴ Հարավային զինվորական շրջանի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային պատրաստության փուլը, որին մասնակցել է մոտ 1.500 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմատեխնիկա: Ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները մշակել են պաշտպանության մեջ երկկողմանի տակտիկական մարտի և գրոհի գործողությունները`արդիական հետախուզական համալիրների և «Նավոդչիկ-2» ու «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Զինծառայողները նաև վարժանքներ են անցկացրել կրակային, տակտիկական, ռազմաբժշկական և հատուկ պատրաստության հմտությունների զարգացման նպատակով, բարձր լեռնային գոտու «էքստրեմալ» պայմաններում ցերեկային և գիշերային ժամերին մարտական մեքենաներ վարելու ուղղությամբ: