ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սպառնում է ինձ եւ իմ ընտանքին։ Սպառնալիքն ուղիղ Օսիպյանի ձայնով եւ նրա շուրթերից չի հնչել, սակայն եղել է միջնորդավորված։ Այս մասին Facebook-ի ուիղ եթերում հայտարարել է Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին։
Նրա խոսքով, օրերս լրատվամիջոցը հրապարակման մեջ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին և վերջինիս կողմից Վալերի Օսիպյանին կատարած զանգին, և հենց նույն օրը Օսիպյանը փորձել է միջամտել իր լրագրողական աշխատանքին՝ փորձելով հանել տալ կայքից այդ հրապարակումը:
«Նա փորձել է, իրենց իսկ բնորոշմամբ, քրեական անցյալ ունեցող մարդկանց միջոցով միջամտել իմ աշխատանքին: Չեմ ասի, թե այդ միջամտությունը եղել է սպառնալիքի տեսքով, բայց սա խոսում է ոստիկանապետի որակի մասին, թե ինչպես է նա փորձում իր հարցերը լուծել»,- նշել է լրագրողը:
Մուրազիի խոսքով, այսքանով սակայն ոստիկանապետը չի սահմանափակվել և փորձել է խնդիրը հարթել պետական բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով: Նրան եւս, ասաց Մուրազին, խնդրել է Վալերի Օսիպյանը, որ կապ հաստատի իր հետ, բայց երկու դեպքում էլ միջնորդությունները մերժվել են։ Այսքանով պատմությունը չի ավարտվել.
«Կեսգիշերին վViber-ով ինձ զանգահարեց անձամբ ոստիկանապետը։ Ես հասկանում եմ, որ Օսիպյանն է ու անջատում եմ։ Երկրորդ զանգի ժամանակ միացնում եմ ձայնագրիչը, որպեսզի ինքս ինձ ապահովագրեմ՝ չիմանալով ինքն ինչ է ասելու։ Խոսակցության ընթացում Օսիպյանը բղավելով ասում է, թե ինչու եմ ես իր մասին այդպիսի հրապարակումներ անում, ով է ինձ թույլ տվել, ես իրեն հեղինակազրկում եմ։ Ես ասում եմ, որ մենք մեր հրապարակման մեջ վստահ ենք, որ այդպիսի բան է եղել, նա էլ պատասխանում է , թե ինչ կլինի, եթե ես էլ քո մասին ինչ–որ բաներ գրեմ: Մեր խոսակցությունն ավարտվեց նրանով, որ ես հորդորեցի ոստիկանապետին չմիջամտել լրատվամիջոցի աշխատանքին, բայց ոստիկանության կողմից հարձակումը կայքի վրա շարունակվել է նաեւ այսօր, երբ մենք գրել էինք Օսիպյանի հնարավոր պաշտոնանկության մասին»,–պատմեց Բորիս Մուրազին։
Լրագրողը նշեց, որ ոստիկանության ֆեյքերը սպառնում են, գրում են, որ ուշադիր լինի ընտանիքին, կնոջ համար, նրանց հետ ժամանակ անցկացնի, քանի որ իրեն քիչ է մնացել: Բացի այս, հրապարակում են կնոջ ու երեխայի նկարները։
«Այդ ֆեյքերը սպասարկում են ոստիկանությանը, նրանց էջերում միայն ոստիկանապետի մասին տեղեկություններ են։ Եթե ոստիկանապետը իրեն թույլ է տալիս գիշերը զանգահարել լրատվամիջոցի ներկայացուցչին, ապա նա ֆեյք էլ կարող է ունենալ ու նրանց հրահանգել գործել ուղղորդված»,–հավելեց Բորիս Մուրազին։