Օհանյան. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը
Իրականության մեջ, տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պետք է զարգացնեն, շարունակեն զարգացնել սպառազինությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով, թե սխալ է ասել, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:
Վերջինիս խոսքով, ՀՀ պաշտպանության նախարարությունը ԼՂ պաշտպանության բանակի հետ անցկացրել է պաշտպանական ռազմավարական վերանայում և եզրահանգել, որ պաշտպանության այն բնագիծը՝ ինժեներական առումով՝ ականապայթունային և ոչ ականապայթունային սարքավորմամբ, համապատասխանում է այսօրվա պատերազմական գործողությունների բնույթին:
Ինչ վերաբերում է քննադատությանը, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կրակի հրամանի ուշացում է եղել, Սերյան Օհանյանը, նախ, նշել է, որ կրակի հրաման չտալը հենց այնպես խոսակցություններ են: Նաև ավելացրել, որ այդ պատերազմը եղել է առանձնահատուկ և բոլոր օղակների հրամանատարները գործել են ինքնուրույն՝ տեղում որոշումներ կայացնելով:
«Կա նաև բնազդային իրավիճակ. ոչ մեկը, դիրքում գտնվելով, երբ վտանգ է զգում, չի սպասի վերադասի հրամանին՝ կրակել, թե չկրակել իր կյանքը փրկելու համար»,- հավելել է Սերյան Օհանյանը