25.11.2024
Սերժ Սարգսյան. Միայն  Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը
12.07.2016
Սերժ Սարգսյան. Միայն Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը

Եթե ամբողջ աշխարհն էլ միավորվի՝ չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում։ Միայն Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը՝ լինել անկախ պետություն, թե միանալ Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը նշել է, որ իր համար ամենակարևորն այն է, որ ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապրել իրենց պատմական հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ։ Եվ այդ անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Ադրբեջանի կազմից դուրս, քանզի եթե թեկուզ մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ ոչ մի հայ չի մնա։ «Եթե ամբողջ աշխարհը միավորվի և Ղարաբաղի բնակչությանը համոզի ապրել Ադրբեջանի կազմում՝ այդ մարդիկ չեն համաձայնի։ Եվ խոսքը ուժի մասին չէ։ Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում ուղղակի անհնար է։ Եվ Ադրբեջանի ղեկավարությունը սա պետք է հասկանա. այդ մարդկանց որևէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»,– ասել է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը շեշտել է՝ Ղարաբաղում հայերն ապրել են հազարամյակներով, այն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։ Ռուսաստանի խորհրդայնացումից հետո Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, չնայած չուներ Ադրբեջանի հետ որևէ ընդհանրություն, հիշեցրել է ՀՀ նախագահը, ասելով, որ այդպես վարվեցին նաև Նախիջևանի հետ, որն այսօր լիովին հայաթափվել է։ «Լեռնային Ղարաբաղում, սկսած 21 թվականից, այդ մտքի հետ մարդիկ ուղղակի չեն համակերպվել և կախված նրանից, թե ինչ փոփոխութուններ էին տեղի ունենում ԽՍՀՄ–ում, որքան ազատ կարելի էր տեսակետ արտահայտել, այդ շարժումը պարբերաբար ելնում էր իրականություն. մարդիկ ցանկանում էին վերամիավորվել Հայաստանի հետ»։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բարդացնում է նաև հանգամանքը, որ մեր տարածաշրջանը, ըստ Սերժ Սարգսյանի, թեևփոքր է, բայց մի վայր է, որտեղ խաչվում են բազմաթիվ շահեր, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ մարտահրավերների, հակամարտությունների վրա։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ եթե բանացային գործընթացում լինի միասնական մոտեցում, ապա խնդրի լուծման տարբերակը կգտնվի։