ՀՀ-ում ներդրվում է նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ. որքա՞ն կլինի դրա չափը
Հայաստանում 18 հազար կենսաթոշակառուի համար թոշակի բարձրացում կլինի, այն կդառնա 25.500 դրամ: Սա արվելու է պետության կողմից ներդրվող նվազագույն կենսաթոշակի ինստիտուտի շնորհիվ: Այս մասին ԱԺ-ում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Նրա խոսքով, այսուհետ Հայաստանում սահմանվելու է նվազագույն կենսաթոշակի չափ և 25.500 դրամից պակաս կենսաթոշակ չի վճարվելու:
«18 հազար կենսաթոշակառուի մասին է խոսքը, այսինքն ՀՀ-ում առկա է այդքան կենսաթոշակառու, ովքեր ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ»,- նշեց նա:
Պետությունն այս քայլին գնալու համար պետական բյուջեի վրա 800 մլն դրամի ծախս կավելացնի:
«Օրենքն ընդունվելուց հետո հունվարի 1-ից ստացած փաստացի կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափի տարբերությունը կփոխհատուցվի այդ անձանց»,- հավելեց Սաիյանը: