Աճել է շինարարությունը, կրճարվել՝ ներկրումն ու արտահանումը․ ի՞նչ վիճակում է տնտեսությունը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-փետրվարին 6.5 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մասնավորապես զգալիորեն աճել է շինարարության ծավալը՝ 21.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 13.1 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 17.5 տոկոսով:
2019-ի հունվար-փետրվարի արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1.9 տոկոսով: Սպառողական գների ինդեքսն աճել է 1.3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 21 տոկոսով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին աճել է 4.9 տոկոսով՝ կազմելով 174 հազար 854 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 2.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 4.9 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 7.7 տոկոսով: Ընդ որում` նվազում է նկատվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալներում: Արտահանումը նվազել է 11.6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 5.6 տոկոսով:
Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019-ի հունվար-փետրվարին եղել է 487.10: