Սերժ Սարգսյանն իշխանության գալուց մեկ տարի հետո՝ 2009 թ-ին կորցրել էր իրականության զգացումը։ Այս մասին հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը «Ազատության» եթերում։
«Այո: 11 տարի առաջ՝ իմ հիսունամյակի օրը․․․ մենք Ռիտա Սարգսյանի հետ շատ վաղուցվա ծանոթներ ենք՝ 85 թվից: Ու դրա համար կոնտակտը եղել է տարիների ընթացքում՝ և՛ պատերազմյան, և այլն: Ես ուզում էի, որ գար ներկայացման: Իմ հիսունամյակին ես չէի կարող չհրավիրել: Բնականաբար ինքը գալու էր ամուսնու հետ, ես դա գիտեի: Եկան: Ու վերջում կար շատ տարօրինակ տեքստ: Ու էդ տեքստից հետո, որը որ կարդացվեց, ես դիմեցի հենց իրեն, որովհետև էդտեղ առաջարկ արեցի, ասեցի՝ եկեք պատկերացնենք, որ անցելա 10 տարի, իմ վաթսունամյակն է:
Դահլիճում էլի նստած է լինելու հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը: Դահլիճում բոլորը բան եղան․․․ ասի՝ հա, երկու անգամ նախագահ լինելուց հետո նորից վարչապետ է լինելու: Ասել եմ 2008 թվին դա, բեմից, իր ներկայությամբ: Ասի՝ եթե էսպիսին պետքա լինի 10 տարի հետո, ոնց ես ներկայացրեցի Երևանն ու Հայաստանը, ասի՝ ավելի լավ կլինի չառաջադրվես: Ասի՝ եթե պատրաստ ես փոխվես, պատրաստ ենք թևերս կոլոլելու՝ քեզ հետ միասին երկիրը դարձնենք նորմալ երկիր: Ինքը կանգնեց՝ ասեց ես իմ ձեռքը մեկնում եմ, ես պատրաստ եմ: Բայց դա միայն խոսքեր էին, փուչ խոսքեր, որոնք հենց ընենց անցան», - ասել է Թոխատյանը:
Նա հայտարարել է, որ ժամանակին՝ 2008 թ-ի նախագահական ընտրություններին աջակցել է Սերժ Սարգսյանին։ «Որ ձայնս տվել եմ Սերժ Սարգսյանին 2008 թվի՞ն՝ այո: Բայց պաշտպանե՞լ․․․ գիտեք ինչ, բոլոր ժամանակներում ինձ միշտ մեղադրել են, որ՝ այ, դու․․․ իշխանություն և այլն», -ասել է Թոխատյանը:
Նրա խոսքով, ժամանակին ՀՀԿ-ի միջոցով դարձել է Երեւանի ավագանու անդամ, որպեսզի «ինչ-որ բան փոխի»։ «Այո, ես հիմա էլ, որ հրավիրեին՝ կգնայի: Ասեմ ինչի համար եմ գնում: Ինձ ասեցին՝ ես միշտ բողոքել եմ Երևանի մշակութային կյանքից, ասեցին՝ ինչի՞ ես բողոքում, արի գնա՝ ինքդ արա: Մեծ հաճույքով: Գնացի, բայց հասկացա, որ անիմաստա: Հետո ես դիմում եմ գրել, որպեսզի դուրս գամ», - ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ ապրիլյան բողոքի ցույցերին մասնակցել է հենց առաջն օրվանից: «Այո՛, ու հենց ամենաառաջին օրվանից ու մենք ունեցել ենք հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ իր վիրավորման օրը, բավականին երկար զրուցել ենք: Միակ բանը, որ ես ասացի՝ ասացի հարգելի՛ Նիկոլ, ես հարթակ չեմ բարձրանա, որովհետև ես հարթակից խոսել չգիտեմ, ես կխոսեմ բեմից: Որովհետև դրանից ամիսներ առաջ, երբ դեռ չէր սկսվել շարժումը, ինքը իր տիկնոջ հետ եղավ իմ «Mea Culpa 2» ներկայացմանը, որտեղ արդեն կար էն կերպարը, որը որ հետո մարմնավորեց ինքը: Մենք առաջին անգամ բերեցինք ներկայացման հերոսներին ոչ թե անցյալից, այլ ապագայից․ Հայաստանի ապագա ղեկավարին ինչպիսին ենք մենք պատկերացնում: Որը շատ վիրավորական էր եղել նույն Սերժ Սարգսյանի համար», - ասել է նա:
Նա նաեւ ասել է, որ իշխանությունից հեռանալուց հետո Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել։ «Հեռանալուց հետո՝ չէ, որովհետև մենք բարեկամներ չենք եղել, որ հետո, ասենք, գնայինք թեյ խմելու», - ընդգծել է նա: