23.11.2024
Միանգամից երկու կանխատեսում ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղեցման մասին․ ի՞նչ անել
prev Նախորդ նորություն

Պատերազմի վտանգն ազդելու է Արցախի նախագահական ընտրությունների ելքի վրա

Արցախում ներքաղաքական պայքարը գնալով ավելի թեժ է դառնում: Քաղաքական ուժերն ու գործիչներն աստիճանաբար սկսում են հետախուզություն մարտով իրականացնել՝ զոնդաժ անելով թե’ հանրային տրամադրությունները, թե’ Երևանի հնարավոր արձագանքն ու մեսիջը, թե’ հարցը՝ ում կնացանկային տեսնել ՀՀ-ի իշխանություններն Արցախի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանից հետո:


Այս պահին կարծես թե Արցախի քաղաքական դաշտում ուրվագծվում են երեք ֆավորիտներ, ովքեր հայտ են ներկայացնելու զբաղեցնելու Արցախի նախագահի պաշտոնը:


Առաջինը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է, ով ունի քաղաքական հենարան Արցախի ԱԺ-ում, լուրջ ֆինանսա-տնտեսական ռեսուրսներ, բիզնես կապեր Արցախում և ՀՀ-ում, ինչպես նաև կառավարման մեծ փորձ: Նրան կարելի է դիտարկել որպես տեխնոկրատ:


Արայիկ Հարությունյանը դեռևս հստակ չի հայտարարել Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այդ որոշումը պետք է կայացնի նրա գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցությունը՝ կուսակցական համագումարի ընթացքում: Բայց այս պահին Արայիկ Հարությունյանը զբաղվում է ակտիվ տնտեսական գործունեությամբ՝ բիզնես ծրագրեր իրականացնելով արցախյան տնտեսության տարբեր ոլորտներում, այդ կերպ նաև իր համար էլեկտորատ ապահովելով:


Արցախում Արայիկ Հարությունյանը ընկալվում է, որպես Բակո Սահակյանի հետնորդ ու իշխանության ժառանգորդ կամ, այսպես կոչված, իշխանական թեկնածու:


Մեկ այլ ֆավորիտ կարելի է համարել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին, ով նույնպես այս պահին Արցախում՝ գյուղերում և քաղաքներում, հանդիպումներ է ունենում և զոնդաժ է իրականացնում հասարակական կարծիքն ու ռեալ փորձում գնահատել իր շանսերը:


Տարիներ շարունակ Սամվել Բաբայանի դեմ հակապիառ՝ սև PR է իրականացվել հասարակության շրջանում և այս պահին Բաբայանն ունի իր բարի անունն ու համբավը վերականգնելու խնդիր: Արցախի պատերազմի հերոսին շատ լավ են ճանաչում միջին և բարձր տարիքի էլեկտորատը, ովքեր լավ են հիշում Կոմանդույուշիի ռազմական հաղթանակներն ու ներդրումը պատերազմի հաղթական ավարտի մեջ: Կոմանդույուշին կարող է ակնկալել նաև Արցախի վետերանների աջակցությունը, ովքեր ճանապարհ են անցել և տեսել են Սամվել Բաբայանին թե’ մարտի դաշտում, թե’ կազմակերպչական աշխատանքներում:


Մեկ այլ թեկնածու է Արցախի ԱԱԽ քարտուղար, պատերազմի մասնակից, գեներալ Վիտալի Բալասանյանը, ով նույնպես կարող է ընկալվել, որպես Արցախի այսօրվա իշխող էլիտայի մաս: Բալասանյանը լուրջ ներդրում ունի պատերազմում՝ եղել է Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարը, ինչպես նաև ունի քաղաքական մեծ փորձ: Նա Արցախում չի ընկալվում, որպես կոռուպցիոներ կամ թալանչի՝ բավականին մաքուր կենսագրություն ունի և դա նույնպես նրա նախընտրական առավելությունն է:


Արցախի էլեկտորատը թվաքանակով փոքր է և հասարակությունը լավ է ճանաչում բոլոր թեկնածուներին:


Սակայն Արցախի էլեկտորատի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ նրանք մեծ հարգանք ունեն պատերազմի հերոսների նկատմամբ՝ Վիտալի Բալասանյանը կամ ինչպես նրան Արցախում են կոչում Ասկերանի Վիտոն ունի այդ համբավը, ինչը կարելի է ասել նաև Սամվել Բաբայանի մասին:


Պետք է նշել, որ Բալասանյանը նույնպես մինչև այս պահն ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում չի կայացրել:


Արցախում ընտրությունները կայանելու են 2020թ.-ին և դեռ հայտնվելու են նորանոր թեկնածուներ, սակայն քաղաքական դաշտում վերոնշյալ երեք թեկնածուներն ունեն ռեալ շանսեր զբաղեցնել այդ պաշտոնը:


Ինչ վերաբերվում է Երևանի մեսիջներին ուղղված որևէ թեկնածուին պաշտպանելու հետ, ապա այս պահին Նիկոլ Փաշինյանի կողմից այդպիսի որևէ մեսիջ չկա և դժվար էլ լինի:


Փաշինյանը միայն կարող է պահանջել, որպեսզի ընտրություններն անցնեն բաց, ազատ և թափանցիկ, առանց որևէ ցնցումների և ընտրակաշառքների: Բացահայտ պաշտպանություն որևէ թեկնածուի Երևանից դժվար է սպասել՝ Արցախի ներքին քաղաքական հարցերին չմիջամտելու մարտավարությունից ելնելով:


Փաստորեն, Արցախում կայանալիք ընտրություններում էլեկտորատը պետք է ընտրի կամ ռազմական գործիչներ, ովքեր ունեն իհարկե քաղաքական մեծ ճանապարհ կամ քաղաքական գործիչ, տնտեսագետ ու տեխնոկրատ թեկնածու:


Ամեն ինչ կախված է լինելու նաև Արցախի շուրջ կատարվող իրադարձություններից՝ պատերազմի իրական վտանգն ընտրություններում ֆավորիտ կարող է դարձնել հենց պատերազմի հերոս գեներալներից որևէ մեկին: