23.11.2024
Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված էթիկայի կանոնը
prev Նախորդ նորություն

Միանգամից երկու կանխատեսում ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղեցման մասին․ ի՞նչ անել

Այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3%, այն դեպքում երբ երկրի 2019 թվականի պետական բյուջեով ՀՆԱ-ի աճը նախատեսվում է 4.9 %: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի հրապարակած «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» ՀՀ-ի մասին տնտեսական զեկույցում:


Մինչ այդ համանման զեկույցով հանդես էր եկել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ նույնպես կանխատեսելով ՀՀ-ում տնտեսության աճի տեմպերի նվազում մինչեւ 4.5%: Ըստ անցած տարվա տվյալների՝ Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5.2%՝ ի տարբերություն 2017 թվականին գրանցված 7.5%, ինչը Հայաստանի առեւտրային գործընկերների տնտեսական աճի տեմպերի անկման, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ հանքարդյունաբերական ոլորտների անբավարար արտադրողականության հետեւանք է:


2019 թվականին Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 4.9 տոկոս տնտեսական աճ: Հիմնադրամը կանխատեսում է ավելի պակաս տնտեսական աճ այս տարի դրամական փոխանցումների կրճատման ֆոնին, որը, սակայն, կարող է փոխհատուցվել ներդրումների աճով:


«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա»,- ասվում է ՀԲ-ի զեկույցում:


Փաստաթղթի համաձայն՝ երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում՝ հիպոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը:


Ինչ վերաբերում է ՀՀ-ում հիպոթեքային շուկայում ակտիվացմանը, ապա այստեղ իսկապես աճի միտումները շատ ակնառու են։ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի համեմատ Հայաստանում հիպոթեքային վարկերի ծավալն աճել է 100 տոկոսով։ Այս մասին հայտարարեց անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կայացած իր մեծ ասուլիսի ժամանակ։ 2019թ. հունվարին բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 257 մլրդ դրամ։ Սա 50 միլիարդով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելն այդ մեկ տարվա ընթացքում ավելացել է 24 տոկոսով։


«2018 թ. գրանցված գերակատարողականից հետո 2019 թ. բյուջեն նախատեսում է որոշակի բյուջետային ընդլայնում՝ արտացոլելով ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր չափով կառավարության պարտքի պահպանմանը համապատասխան միջնաժամկետ բյուջետային շրջանակը: Դրամավարկային և փոխարժեքային քաղաքականությունը կշարունակի կենտրոնացած լինել առավել ռիսկային արտաքին միջավայրի պայմաններում գների կայունության պահպանման վրա»,- գրում է Համաշխարհային բանկը:


Միաժամանակ ՀԲ-ն եւ ԱՄՀ-ն խոսվում է արտաքին եւ ներքին ռիսկերի մասին։ Մեկը՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրներում տնտեսական բացասական միտումներն են, իսկ մյուսը՝ երկրի ներսում տնտեսական բարեփոխումներին ընդդիմացողները։


«Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները: Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը:


Միևնույն ժամանակ առանց նման հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ»,- ասված է ՀԲ զեկույցում:


Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների գնահատմամբ, Հայաստանը մեծապես կախված է «Ռուսաստանի օգնությունից եւ ներդրումներից, որի տնտեսական անկումն անդրադարձել է Հայաստանի արտահանման, ինչպես նաեւ վերջին տարիներին ՌԴ-սւմ աշխատող հայերի դրամական փոխանցումների վրա»:


Վերոնշյալ երկու հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները շատ պահպանողական են, հիմնված ընթացիկ տվյալների վրա՝ շեղումների հնարավորությամբ, որոնք հաճախ բարձրանում կամ իջնում են՝ կախված տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններից։ Օրինակ՝ 2017-ին Համաշխարհային բանկը կանխատեսում էր ՀՀ տնտեսության 3.7-4% -ոց աճ, սակայն այն կազմեց ավելի քան 7․5%: 2018-ին ՀԲ-ն կանխատեսում էր Հայաստանում տնտեսության աճ 4.1%-ի մակարդակում, սակայն իրական թիվը հասավ 5.2%-ի։


Թեպետ բավականին ընդհանուր ձեւակերպումներով լի երկու զեկույցներում, ներկայացնելով պահպանողական սցենարներ, խոսվում է տնտեսության զարգացման հնարավորությունների մասին։ Տնտեսական աճը սահմանափակող գործոններից (հանքարդյունաբերության անկում, տրանսֆերտների հնարավոր պակասում, ռիսկային արտաքին միջավայր) բացի խոսվում է, հնարավորությունների մասին, որոնք են իրականացվող բարեփոխումները, մշակող արդյունաբերության ու ընդհանրապես ներդրումների աճը։