Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, որի համաձայն՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել: Այս փաստը վրդովվեցրել է վարչապետին.
«Ուզում եմ հասկանալ՝ նման բան հնարավո՞ր է, որ 21-րդ դարում, պետական համակարգի աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան»,- հայտարարեց նա:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, որ նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաները ֆինանսավորվել են ուղիղ ֆինանսավորմամբ, դրամաշնորհով, իսկ այս տարի ֆինանսավորման ձեւը փոխվել է մրցույթայինի, ինչի կապակցությամբ լաբորատորիաներ իրականացնողները իրենց առարկությունն են հայտնել փետրվարին.
«Մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել եւ ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք այդ հարցը: Նախագիծը կոմիտեի նիստին կքննարկվի, հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»,- ասաց նախարարը:
Սակայն Նիկոլ Փաշինյանին այս բացատրությունը չբավարարեց: Նա նշեց, որ ամեն ինչ պարզ է, բայց մարդիկ աշխատավարձ չեն ստացել. «Եթե պետական բյուջեում այդ փողը կա, դրված է, պետությունը կարեւորել է այդ ծառայության մատուցումը, բայց երեք ամիս այդ ծառայությունը մատուցվել է ու փողը չի տրվել: Հիմա անունը կարող ենք դնել մրցույթ... Մենք փոխել ենք ֆինանսավորման ձեւը, որ ավելի լավ լինի, հետեւաբար ինչո՞ւ է ավելի վատ: Եթե մրցույթով է, ինչու մինչեւ հիմա մրցույթ չի եղել»,- հետաքրքրվեց նա:
Նախարարն արձագանքեց , որ «Արմաթ» ծրագրի կազմակերպիչը հայթայթում է գումար լաբորատորիաները հիմնելու համար, եւ պետությունը իր վրա է վերցրել խմբակավարի գումարը վճարել, ու հիմա քանի որ մրցույթներ պետք է լինեն՝ խնդիր ՝ առաջացել:
Իր հերթին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ խոսքը ոչ թե պետական կազմակերպության աշխատողների մասին է, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպված ծառայության դիմաց վճարների:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց կառավարության նիստի օրակարգում ներառել այդ հարցը, բայց Փաշինյանը չհամաձայնեց և կոչ արեց պատշաճ քննարկել: Նա հորդորեց ամեն ինչ վերջին պահին անելու սովորությունից հրաժարվել և ամեն ինչ նախապես պլանավորել. «Չպիտի այնպես լինի, որ վարչապետը նամակ ստացավ, հենց խնդիր առաջացավ, ասի՝ եկեք, ոտի տակից հանենք նախագիծը ու քննարկենք: Ուրիշ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես»,- վրդովվեց ՀՀ վարչապետը: