VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. « Կրճատման ենթակա նախարարությունների աշխատակիցները իրենց համար նոր աշխատանք են գտել. նրանք տարբեր ֆեյքերի տակ զբաղվում են սոցիալական ցանցերում իշխանությունների քննադատությամբ, նման բովանդակությամբ հոդվածներ հավանելով և տարածելով՝ դրա համար վարձատրվելով Քոչարյանի միջոցներից: Այս մարդկանց բարոյական արդարացումն այն է, որ իշխանությունն իրենց նեղացնում է, իրենք էլ ընդհատակյա ընդդիմադիր են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունը, փաստորեն, չի կատարում վարչապետի հրահանգը՝ ՀԴՄ կտրոններ տպելու հետ կապված։ Պետեկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկատուների վարչությունը երեկ՝ մարտի 19-ին տուգանել է «Զիգզագին»՝ ՀԴՄ չխփելու համար եւ որոշել է 5 օրով կասեցնել նրա գործունեությունը՝ ապրիլի 4-ից մինչեւ ապրիլի 8-ը։ Ի դեպ, «Զիգզագը» կարող է խույս տալ փակվելուց՝ որոշակի տուգանք վճարելով։ Դավադրությունների տեսության սիրահարները հնարավոր է սրանում տեսնեն ՊԵԿ-աշխատակազմի ղեկավար հակադրության դրսեւորման փաստ, բայց մենք կարծում ենք, որ պետք չէ այդքան հեռու գնալ՝ ուղղակի ՊԵԿ-ը փորձում է վարչապետի հրահանգներին հավատարիմ մնալ եւ բացահայտել իրական եկամուտը թաքցնողներին։ Պարզապես, տարօրինակ է, որ այդ ցանկում է հայտնվել նաեւ «Զիգզագը», որը խոշոր հարկատուներից է եւ անմիջականորեն կապված է կառավարության անդամներից մեկի ընտանիքի հետ։ Ի դեպ, դեռեւս դեկտեմբերին Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ «Նուռ» մրգի-բանջարեղենի խանութների ցանցում ՀԴՄ կտրոն չեն տրամադրում: Երբ պահանջում ես կտրոնը, դժգոհ հայացքով, չուզելով տալիս են: Կոչ եմ անում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ստուգումներ իրականացնել այս ցանցում»։ Այս գրառումը պատճառ էր դարձել, որ ՊԵԿ-ը մտնի միրգ- բանջարեղենի այդ փոքրիկ խանութը եւ ակտ գրի, որի արդյունքում խանութը 300 հազար դրամի տուգանք վճարեց։ Փաստորեն, պետք է խնդրենք, որ Աղաջանյանը երբեմն էլ առեւտուր անի իրենց սեփական խանութից եւ իր պահանջկոտությունը դրսեւորի ոչ միայն ուրիշ փոքրիկ խանութների, այլ սեփական խոշոր հարկատու խանութի նկատմամբ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, և արդյոք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանո՞ւմ են իրականությանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց` հօգուտ մեղադրյալի: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հաստատել են տեղեկությունները. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում եւ սահմանել, թե ինչ բան է երաշտը կամ սակավաջրությունը: Եթե կառավարությունն իսկապես ցանկություն ունի պայքարել այդ բնական աղետների դեմ, ապա պետք է ոչ թե օրենքի փոփոխություն կատարել, այլ ընդամենը փակել Արարատի մարզի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ամեն տարի արդյունահանում եւ Արաքս գետն են լցնում 1 մլրդ խորանարդ մետր ջուր, այն էլ խիստ բարձրակարգ: Եթե այդ ջուրն օգտագործվի, ՀՀ-ում ո´չ երաշտ կլինի, ո´չ սակավաջրություն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը: Կաթողիկոսի ընտրությունը պայմանավորված է թերևս այն հանգամանքով, որ արքեպիսկոպոս Չուլջյանը 1959 թվականին ծնվել է Թուրքիայի Մալաթիա քաղաքում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դժվար էր պատկերացնելը, որ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն այդքան կառչած կլինի սեփական աթոռից, բացի նրանից, որ նա չերկնչեց սեփական թիմակիցների դեմ գործեր հարուցելուց, անձամբ Քոչարյանի դեմ դատական նիստին մասնակցելուց, հիմա էլ ամեն ինչ անում է` իր անիմաստ կյանքն այդ աթոռին երկարացնելու համար»,- ասաց ԱԺ իշխանական աղբյուրը` տեղեկացնելով, որ օր էր ֆիքսված` մարտի 19-ը, եւ Արթուր Դավթյանը, դատախազի տարեկան հաղորդումն ԱԺ-ին ներկայացնելուց առաջ, պետք է հյուրընկալվեր մարդու իրավունքների հանձնաժողովում, պատասխաներ պատգամավորներին հետաքրքրող հարցերին, սակայն պարզվել է, որ այս պահին «արձակուրդում» է, եւ հանդիպումը հետաձգվում է։ Ի դեպ, նախորդ շաբաթ էլ սպասվում է «Իմ քայլի» հանդիպումն Արսեն Թորոսյանի հետ՝ նրա ֆեյսբուքյան հայտնի ստատուսի պարզաբանման առնչությամբ, սակայն այն եւս «քենսըլ» արվեց. «Ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը գտավ, որ դա միջանձնային` առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի եւ Արսեն Թորոսյանի հարաբերություններն են, ուստի հանդիպում պետք չէ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»: Նման եզրահանգման է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի դեմ հարուցած վարույթի շրջանակներում: Հիշեցնենք՝ Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ում անցկացված ստուգումների վերաբերյալ Սանասարյանի հայտարարությունների ու ֆեյսբուքյան գրառումներում հնչեցված արտահայտությունների կապակցությամբ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ դրանք համարելով իրավապահների նկատմամբ ճնշում եւ ուղղորդում, նաեւ պետական պաշտոնյային անհարիր պահվածք: Էթիկայի հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Սանասարյանի խոսքերը «բովանդակում են հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր, ուստի հարիր չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին»: Հետաքրքիրն այն է, որ դեռ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել նախկինում ակտիվիստ պետական պաշտոնյաների մասին. «Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես, եւ պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան, ստուգեն որեւէ կազմակերպություն առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ նախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը»: Շատերի կարծիքով՝ այս հայտարարության հասցեատերերից մեկն էլ Դավիթ Սանասարյանն էր, որի դեմ, փաստորեն, Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում իր տեսակետներն է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության եւ զարգացման տեսլականների վերաբերյալ: Սվիտալսկին բավականին զուսպ ու կոռեկտ դիտարկումներ է կատարել: Դեսպանն իր խոսքում խուսափել է նախկին եւ գործող իշխանությունների միջեւ համեմատականներ անցկացնելուց եւ որակումներ տալուց, ավելին՝ գործող կառավարությանը շատ նուրբ, բայց ուղղակի ակնարկել է, որ նրանք պետք է շատ ավելի լուրջ բարեփոխումների ծրագրեր ունենան: Սվիտալսկին փաստացի հաստատել է այն տեղեկությունը, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացումը դեռեւս չի մեկնարկել, այսինքն, այն, ինչ ասում է ՀՀ ընդդիմությունը, փաստացի ճիշտ է: Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցից հետո իշխանական ներկայացուցիչներն ու լրատվականները փորձում էին այցի ամբողջ արդյունավետությունը կառուցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի մի նախադասության վրա, ըստ որի՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը պետք է կարգավորվի, իսկ դրանց վերաբերյալ բանակցություններն սկսելու հետ կապված որեւէ խնդիր չկա: Սվիտալսկին, սակայն, այդ հարցի հետ կապված ասել է, որ դա եղել է Յունկերի անձնական կարծիքը, ոչ թե ԵՄ դիրքորոշումը: Փորձագետների պնդմամբ, փաստացի Սվիտալսկին պայթեցրել է հերթական փուչիկը եւ զրոյացրել այցի վերաբերյալ հանրությանը մատուցած PR-ի հնարավոր արդյունքները»:
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տարածվել է հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Միաժամանակ Սեմերիկովը նշել է, թե քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Ի պատասխան այս հայտարարության՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ասել է, որ հայկական կողմի համար առաջնայինը սկզբունքի ամրագրումն է, քանի դեռ ամրագրված չէ սկզբունքը, թե ինչպես լրացնել այդ իրավական բացը նման իրավիճակների համար, մնացած զրույցների մասին խոսքը դեռեւս ավելորդ է ՀՀ կողմից: Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը՝ դեռեւս պարզ չէ, հայտնի չէ նաեւ, թե ինչ է պատասխանելու Հայաստանը կամ, ի վերջո, պատասխանելո՞ւ է, թե կրկին անարձագանք է թողնելու այն, ինչպես եղավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի առաջարկի դեպքում՝ գալ Հայաստան եւ հանդիպել հայկական կողմի հետ: Հիշեցնենք, որ Զասը փետրվարի 7-ին հայտարարել էր, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի վերաբերյալ ՀԱՊԿ կանոնակարգը սահմանափակ կազմով որոշման ընդունման հնարավորություն է նախատեսում, սակայն դա լավագույն տարբերակը չէ, քանի որ նման որոշումները կոնսենսուսով են ընդունվում: Բացի դրանից, նա նշել էր, որ պատրաստ է հանդիպել հայկական կողմի հետ, սակայն Երեւանից պատասխան չի ստացել:
«168 ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին, ասել է. «Հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետեւանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը: Սա, բնականաբար, չի կարող հաճելի լինել ՀԱՊԿ անդամ մյուս երկրների համար, եւ սա կարող էր կանխատեսելի լինել, քանի որ որոշ ներքին որոշումներ, որոնք վերաբերում են միջազգային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնող անձանց, նուրբ թեմաներ են, ուստի պետք է շատ ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել այս հարցում: Խնդիրը եղավ, ապա սկսեց շրջանառվել իրավական խնդիրները լուծելու հարցը, որն ընդունելի է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար: Բայց զուգահեռաբար՝ Բելառուսն աշխատում է իր թեկնածությունը հաստատելու համար՝ օգտվելով այս չկանոնակարգված հարաբերությունների բնույթից: Ես, չնայած այս զարգացումներին, չեմ կարծում, թե առանց Հայաստանի իսկապես որոշում կկայացվի»: Նա նաեւ նշել է, որ տեղեկություններ են շրջանառվում, որ, եթե չհաջողվի հասնել կոնսենսուսի, Սեմերիկովի քարտուղարությունը կշարունակվի մինչեւ 2020 թվականը: «Բնականաբար, ՀՀ-ն կարող էր ընթանալ այլ ճանապարհով, չնպաստելով խնդրի խորացմանը՝ զուգահեռաբար բարձրացնելով հարցեր, որոնք կարող են ամրապնդել ՀԱՊԿ կառույցը»,- ասել է նա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտադիր է զբաղվել կենդանիների պաշտպանությամբ: Նա խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Կենդանական աշխարհի մասին օրենքում եւ արգելել կենդանիների ոչնչացումը դաժան մեթոդներով, այդ թվում՝ զենքի կիրառմամբ: Նախագծի ընդունման իմաստը թափառող շների ոչնչացման դաժան մեթոդների արգելումն է: Բայց եթե Ուրիխանյանն իսկապես այդքան կենդանասեր է, պետք է օրենքով պաշտպանի այլ չորքոտանիների իրավունքները եւս, որ, օրինակ, էշերը չհայտնվեն առյուծների վանդակում, կամ նման վտանգ չսպառնա ԱԺ պատգամավորներին»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ: Գասպարյանը հայտարարագրել է նաեւ Range Rover Vogue 4.2 եւ Renault Clio 1.4 մակնիշի ավտոմեքենաներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Գասպարյանը փոխնախարարի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին: Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխատել է Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այնուհետ վերապատրաստման եւ զարգացման թիմի ղեկավար: 2013-2019 թթ. հիմնադրել է եւ ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման եւ առեւտրային գործառնությունների փորձագետ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում։ Փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները։ Երեկ Բադալյանը մեզ ասաց, որ դեռ «չի որոշել»՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է դպրոցում չարաշահումներ հայտնաբերվեն։ Բացառեց։ Աուդիտը կավարտվի մարտի վերջին, դրա արդյունքների՞ց է կախված իր առաջադրվելը, եւ հնարավո՞ր է դա որպես «մահակ» օգտագործեն իր դեմ, Բադալյանը կտրուկ պատասխանեց․ «Ոչ, դա ոչ մի կապ չունի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Թագուհի Ղազարյանն ինչպե՞ս է իրեն զգում Շմայսի` Առաքել Մովսիսյանի եւ Լֆիկի` Սամվել Ալեքսանյանի սենյակում․ արեւելյան իմաստնությունն ասում է` ոգին լինում է այնտեղ, որտեղ սիրում է։ Նրանցից որի՞ ոգին է առավելաբար զգացվում Ձեր սենյակում: «Սենյակն ինձ վիճակահանությամբ է բաժին ընկել. ինչպես տեսնում եք, կահույքն անգամ տարել են, ժամանակ էլ չկա իրենց զգալու»: Եթե լիներ, ո՞ւմ կնախընտրեիք։ «Եթե պարոն Մովսիսյանի կամ պարոն Ալեքսանյանի հետ որպես քաղաքացի առնչվելու խնդիր լինի, չեմ խուսափի»: Ձեր հեղափոխությունը նշանային համակարգով էր, ուստի հենց այնպես չէ «ժերեբյովկայով» այս սենյակը Ձեզ բաժին հասել. նշանակում է Դուք պետք է անպայման Շմայսի նման ինքնատիպ լինեք (հիշում եք, ասում էր՝ ԱԱԾ-ն շնորհքով ներխուժեց) կամ Լֆիկի նման հարստանաք անպայման: «Շնորհքով ներխուժելն իմ սրտով չէ, բայց ինքնատիպ ուզում եմ լինել»: Դե, հրեն սիրում եք կապտամազիկ Ասյային, արդեն ինքնատիպ եք։ ««Սիրել» եզրույթն այս դեպքում ճիշտ չէ, գուցե եթե իր հետ շատ մտերմանալու դեպքում սիրեմ էլ, չեմ բացառում, պարզապես ես իրավունքները խախտված քաղաքացի եմ տեսել ու փորձել եմ աջակցել»: Աջակցելու համար գնացիք նաեւ Երեւանում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքի՞։ «Ղարաբաղի ոստիկանությունն էր այդ վիճակն ստեղծել, եւ ես կարծում եմ` ճիշտ չէր լինի գնալ Հայաստանի ոստիկանությունից պատասխանատվություն պահանջել»: Կիսապատերազմական երկրում ղարաբաղյան ներկայացուցչության դեմ բողոքն ԱԺ պատգամավորը որքանո՞վ է համարում տեղին։ «Գիտեք, այդ թեզը շատ է շրջանառվում` մարդու իրավունքները քողածածկելու համար. հարցը պետք է դիտարկել նաեւ այս կողմից»: