Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այդ մեքենաների վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթեւեկության կանոնները», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունից հրաժարվելու օրը Սարալանջի փողոցում վթարի ենթարկված 1 տարեկան Յուրի Պապովն ապրիլի 26-ին մահացել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է երեխայի մոր ընկերուհին՝ Գոհար Հայրապետյանը:
Փակ համարներով մեքենայի վարորդը, որը հարվածել էր ընտանիքի մեքենային, փախել է դեպքի վայրից: Ծնողները՝ 45-ամյա Գևորգ Պապովը և 32-ամյա Տաթևիկ Սեկոյանը ծանր վիճակում են։
Ըստ ոստիկանության պաշտոնական վիճակագրության, Երեւանում ու հանրապետության այլ քաղաքներում հակաիշխանական զանգվածային անհնազանդրության ակցիաների օրերին կտրուկ աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը:
Այսպես, ապրիլի 23-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 20-ից 23-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 42 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 18-19-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: