25.11.2024
Սեֆիլյանը ներկայացրել է իշխանությունների հետ բանակցությունների մանրամասները
30.07.2016
Սեֆիլյանը ներկայացրել է իշխանությունների հետ բանակցությունների մանրամասները

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մանրամասներ է ներկայացրել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամի շուրջ ընթացող բանակցային գործըթնացից: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, ավելի քան մեկ ամիս առաջ զինված խմբավորումների միջոցով շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու ծրագրեր ունենալու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ անցած 3-4 օրերի ընթացքում իրեն 2 անգամ բանագնացներ են այցելել, ինչպես նաև մեկ անգամ զանգահարել են ու՝ «փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իր մեջ»: «Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է: Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը: Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել: Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը և ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը», - նաև հավելել է Ժիրայր Սեֆիլյանը, ում հաղորդագրությունը՝ ուղարկված «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, տարածել է «Հիմնադիր խորհրդարանը»: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը նաև նշել է, որ շարունակում է բաց մնալ՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը: Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց, հարձակման ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկու կողմից կային վիրավորներ: Ավելի ուշ պատանդներն ազատ արձակվեցին, բայց երբ իշխանությունները սկսեցին արգելել սննդի մատակարարումը ՊՊԾ գնդի տարածքի երկայնքով ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտուց ներս, իսկ այնուհետև իրավապահների հետ բախումներում վիրավորվեցին և հիվանդանոց տեղափոխվեցին զինյալ խմբի մի շարք անդամներ՝ զինյալ խումբը պատանդ վերցրեց շտապօգնության բուժաշխատողների: ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի պահանջների թվում են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, Սերժ Սարգսյանի հրաժարականը, վստահության կառավարության ձևավորումը, արտահերթ ընտրությունների անցկացումը: Անցած օրերի ընթացքում մեծ թվով քաղաքացիներ երթեր և ցույցեր են անցկացնում դեպի ՊՊԾ գնդի տարածք տանող Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում՝ պահանջելով արյունահեղություն թույլ չտալ և սնունդ ու բժշկական օգնություն ապահովել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների համար: Հուլիսի 20-ին, 21-ին և անցած գիշեր՝ 29-ին, ոստիկանությունը ուժ և հատուկ միջոցներ է գործադրել ցուցարարներին ցրելու համար: Հուլիսի 29-ին ոստիկանական գործողությունների ընթացքում հատուկ թիրախավորվել են լրագրողները: «Հիմնադիր խորհրդարանը» այսօր նաև հայտարարություն է տարածել այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ անդրադառնալով ցուցարարների, լրագրողների դեմ բռնությունների դեպքերին և Երևանի խիտ բնակեցված Սարի թաղում հատուկ միջոցների գործադրման և հրդեհի փաստերին: «Վերոնշյալը վառ կերպով վկայում է, որ Հայաստանում իշխանությունը զավթել է պետական զանգվածային ահաբեկչություններ իրականացնող հանցագործ ավազակախումբ, և որից ազատվելը ենթադրում է հակաահաբեկչական գործողություններ: Այսպիսով բոլորի համար ակնհայտ է դառնում Սասնա Ծռերի գործողությունների, որպես բռնակալության տապալման վերջի միջոցի անհրաժեշտությունը», - հայտարարել է «Հիմնադիր խորհրդարանը» և կոչ արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ «անհապաղ ենթարկվել ժողովրդի կամքին» և «սկսել իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը», որպես առաջին քայլ առաջարկելով բանակցություններ սկսել «Սասնա Ծռերի ապստամբների հետ»: «Սա մեր ժողովրդի ու քո վերջին հնարավորությունն է անցնցում քաղաքական փոփոխությունների», - ասված է հաղորդագրությունում: