Իրավիճակը Երևանի քաղաքապետարանում շարունակում է լարված մնալ: Մասնիկյանի արձանի հարևանությամբ այգում ծառերի հատման դեմ բողոքող մի խումբ ակտիվիստներ շարունակում են մնալ քաղաքապետարանում: Ուշագրավ է, որ մինչ ներսում՝ քաղաքապետի ընդունարանի մոտ ակտիվիստները պահանջում են Տարոն Մարգարյանին, որպեսզի նա դուրս գա և հանդիպի իրենց հետ, ինչպես նաև պահանջում են նրա հրաժարականը, դրսում հայտնվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել են ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: Նրանք հայտարարում են, որ Մարգարյանը լավ քաղաքապետ՝ «Տարոնը մերն ա», իսկ մեկ այլ խումբ էլ դրսում վանկարկում ՝ «Տարոն հեռացիր»: Մոտ մեկ ժամ առաջ Երևանի քաղաքապետարանը բաց հայտարարությամբ դիմեց ՀՀ ոստիկանությանն ու ոստիկանապետին՝ նշելով, որ օրենքի խախտմամբ քաղաքացիներ են ներխուժել պետական պահպանության տարածք. «Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք՝ խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար», - ասված էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանի դիմումում: Հիշեցնենք, ակտիվիստները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: