25.11.2024
Փոխհրաձգություն ՊՊԾ գնդի տարածքում. կան ծանր վիրավորներ
27.07.2016
Փոխհրաձգություն ՊՊԾ գնդի տարածքում. կան ծանր վիրավորներ

Ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքում երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև մեկ ոստիկան։ Ավելի վաղ, հուլիսի 27-ի գիշերը ժամը 2:00-ի սահմաններում, ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի Facebook-ի իր էջում կատարած գրառման, ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: «Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,- գրել է Աշոտ Ահարոնյանը: Միջադեպի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել նաեւ «Սասնա Ծռեր» խմբավորումը, որի համաձայն ոստիկանները գրոհ են իրականացրել: «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի ևս մեկ անդամի», - ասված է հայտարարության մեջ: Փոխհրաձգության հետեւանքով Էրեբունի ԲԿ ժամը 1-ին ընդունվել է երեք վիրավոր, որոնցից 1-ը ոստիկանության աշխատող: «Ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել են համապատասխան միջամտություններ՝ վիճակը համարվում է կայուն: Ընդունվել են նաև Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը, որոնց համապատասխան միջամտություն է կատարվել», - ասաց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը: Ըստ Էրեբունի ԲԿ–ի իրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանի՝ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, կատարվել է վիրահատություն, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: «Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով», - հաղորդեց նա, հայտնում է tert.am-ը։ Հարցին, թե արդյոք Պավել կամ Արամ Մանուկյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, հիվանդանոցի ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ այս պահին երկու տուժածի վիճակը ծանր է, սակայն կայուն և վերահսկելի: «Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում: Մենք կատարում ենք ցավազրկողների, քնաբերների ներարկումներ, որպեսզի կայուն մինչև առավոտ լինեն հանգիստ վիճակում: Այս պահին առկա հիմնական վտանգների դեմ միջոցառումներ են կատարվում»,-նշեց բժիշկը: Ըստ բժշկի՝ ոստիկանի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս երկուսինը՝ ծանր: Նրանց կյանքին վտանգ է սպառնում: Լրատվամիջոցների փոխանցմամբ, Խորենացի փողոցում այս պահին գրեթե ոչ ոք չի մնացել՝ բացի ոստիկաններից ու լրագրողներից: Բոլոր քաղաքացիները բերման են ենթարկվել, այդ թվում սովորական անցորդներն ու ուղղակի տարածքում կանգնածները: