27.11.2024
Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի հարաբերությունները ջերմացել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանն անչափ դժգոհ է իր թիմից ոչ միայն արդեն իսկ չթաքցվող կոռուպցիոն ռիսկերի, այլեւ ԱԺ-ում տիրող «балаган»-ի մասով, ուր ի սկզբանե ակնհայտ էր, որ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը: Որոշ գնահատումներով, Փաշինյանի իշխանությունը թուլանում է ոչ միայն օր օրի նվազող ռեյտինգի, տնտեսության անկման, ներդրումների բացակայության, մի շարք ոլորտների տապալման, խոր անորոշության պատճառով, այլեւ բուն խորհրդարանի։ Լուրջ աշխատանքի դեպքում պառլամենտում ամեն րոպե հնարավոր է նոր մեծամասնություն ձեւավորել, մանավանդ որ վերջին շրջանում խոսակցություններ կան, թե «ջերմացել» են «классик» քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի եւ նրա «ցավը տարած» Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ «Եվ եթե ԲՀԿ-ի 31, ԼՀ-ի՝ 18 պատգամավորներին մի 15-20 պատգամավոր էլ «Իմ քայլից» «կպնեն», ապա կստացվի նոր մեծամասնություն` նոր վարչապետով»,- չթաքցված ժպիտով ասաց ԲՀԿ մեր աղբյուրը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարունակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի: Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գնում են ծավալով և հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է արժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փոխում է գազի խտությունը և ըստ դրա էլ կշիռը: «Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց, դրա համար էլ մեզ որպես թույլ օղակ է նայում»,- ասում է գազալցակայաններից մեկի սեփականատերը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ազատումների հետ կապված բավականին իտրիգային մի պատմություն կա: Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար է պատկերացնել, որ նման թեման կարող է աշխատանքից ազատման պատճառ դառնալ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ կոնկրետ վարչապետի արարողակարգի պետ Ալեքսանդր Մխիթարյանի ազատման պատճառը կապված է ապրիլի 2-ին Եռաբլուր այցի հետ: Երբ առավոտյան վարչապետն ու իշխանության մյուս ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր, նրանք զոհերի շիրիմներին մեխակներ են դրել, որպես հարգանքի նշան, իսկ արդեն երեկոյան, երբ Եռաբլուր է այցելել Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, զինվորների շիրիմներին դրել է վարդի փնջեր: Ահա այս հանգամանքն էլ առաջացրել է վարչապետի զայրույթը, և նա բավականին կոպիտ և նյարդային խոսակցություն է ունեցել Մխիթարյանի հետ՝ դա համարելով նրա բացթողումը, իսկ այնուհետև ազատել աշխատանքից: Որոշ ժամանակ անց, թեման մեղմելու համար, տեղեկություններ տարածվեցին, թե նա անցնում է մեկ այլ աշխատանքի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ին Արցախում նախատեսված է Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցու օծման արարողությունը, որին հրավիրված են բարձրաստիճան պաշտոնյաներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Վերջերս անընդհատ տեղեկատվություն էր շրջանառվում, թե արարողությանը ներկա է գտնվելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ այդ պատճառով միգուցե նույնիսկ հետագձվի ԵԿՄ համագումարը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետն Արցախ չի մեկնելու, այլ մասնակցելու է հենց ԵԿՄ համագումարին։ Եվ ավելին` մեր տեղեկություններով` ԵԿՄ համագումարն այդ օրը նախատեսելն ամենեւին էլ պատահական չէ։ Իսկ Արցախ պատվիրակություն կմեկնի Հայաստանից, որի կազմում կլինի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Արցախ մեկնելու հրավեր է ստացել նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերից տեղյակ չէ. վարչապետը մասնակցելու է Երեւանում կայանալիք ԵԿՄ համագումարին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։ Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին, այնպես, ինչպես բյուջեի հաշվին ձեռք բերեց նոր ու շքեղ Mercedes-Maybach-ը։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ տեղափոխվել այլ աշխատասենյակ։ Բացի այդ, բրիտանական նուրբ ու արիստոկրատ ճաշակ ունեցող նախագահին դուր չի գալիս նախագահականի ոսկեզօծ, թանկ ու ձեւավոր նախշերով նորոգումը, ուստի մտադիր է նորոգել այն՝ ավելի ավանգարդ ոճ հաղորդելով դահլիճին ու առհասարակ շենքին։ Մեր տեղեկությունները նորոգումների մասով նախագահականից չհերքեցին․ «Հանրապետության նախագահն օգտագործում է նախագահական նստավայրի վարչական շենքի Հայաստանի Հանրապետության նախագահի համար նախատեսված աշխատասենյակները: Տարվա ընթացքում ծրագրվում է ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների շրջանակում եւ հնարավոր տնտեսումների հաշվին մասնակի վերանորոգում իրականացնել հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ հատկապես միջանցքներում եւ դահլիճներում, որտեղ անցկացվելու են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ»։


«Ժամանակ» թերթը գրում է. « ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Գնումների մասին» օրենքում: Գործող օրենքով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի արարողակարգային, սննդի, անվտանգության ապահովման համար պետական բյուջեից կատարվող ծախսերը համարվում են պետական գաղտնիք եւ ենթակա չեն հրապարակման: «Լուսավոր Հայաստանը» համարում է, որ այդ դրույթը պետք է հանել օրենքից, քանի որ դա հակասում է պետության եւ իշխանության հաշվետվողականության սկզբունքին, եւ դրանից բացի՝ այդ ծախսերը պետական գաղտնիք համարելու որեւէ տրամաբանություն չկա»:


«Հրապարակ» թերթը գրում է. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ կառավարության նիստում որոշել էր լավ լուրեր հաղորդել։ Նախ հայտարարեց, որ այս տարի ցրտահարություն չի սպասվում։ Ապա ասաց, որ Սեւանա լճի մակարդակը բարձրանալու է․ «Սեւանա լիճն այսօրվա դրությամբ 7 սանտիմետրով անցած տարվա համեմատ պակաս է, եւ դա նորմալ երեւույթ է, քանի որ անցած տարի կլիման տաք էր, իսկ այս տարի լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչեւ հունիս, եւ տարվա վերջին Սեւանա լճի մակարդակը 5-10 սմ ավել կլինի»:


«Հրապարակ» թերթը գրում է. Տպավորություն կա, որ փորձ է արվում շուտ մոռացության տալ Մեղրու գնդի միջադեպը. ինչպե՞ս եք գնահատում զինվորների դասալքություն-ըմբոստությունը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանին։ «Կարծում եմ՝ մենք նախեւառաջ խնդիր ունենք արժեքային, կրթական համակարգում, որ երիտասարդությունը նման արժեքների չդավանի։ Պետք է նաեւ հրամանատարների շղթան վերանայել ու նոր` միջադեպի մասնակից թե՛ զինվորներին, թե՛ հրամանատարներին ենթարկել պատասխանատվության»: Չե՞ք կարծում, որ դա թավշյա հեղափոխության ժամանակ գունդը լքած զինվորների նախադեպի շարունակությունն էր, որի ժամանակ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ավելին` գնդի հրամանատարն առաջխաղացում ունեցավ։ «Ես կուզեի, որ էդ երկու դեպքերն իրարից առանձնացվեն»: Ինչո՞ւ։ «Երկու դեպքում էլ պետք է պատիժը լինի, անշուշտ, որովհետեւ, եթե զինվորը երդում է տվել, չպետք է այն խախտի թե՛ հեղափոխության ժամանակ, թե՛ հետո, բայց մանիպուլացնել եւ ասել, որ սա ընդամենը նախադեպի հետեւանք էր, համաձայն չեմ. այն ավելի խորը արմատներ ունի»: Դուք իշխանություն եք, ինչո՞ւ առաջին դեպքի համար պատիժ չկիրառվեց, ինչո՞ւ այդ հարցը չբարձրացվեց։ «Դա, կարծում եմ, պատկան մարմինների խնդիրն է, այնուհանդերձ, նման բոլոր դեպքերում էլ պետք է լինեն պատշաճ քննություն եւ պատասխանատվություն, եւ եթե զորամասի կարգը խախտվել է, պետք է անպայման խախտողը պատժվի»: 


«Հրապարակ» թերթը գրում է. Գոլանի տարածքներն իսրայելական ճանաչելու քայլը հնարավո՞ր է նախադեպ դառնա ղարաբաղյան խնդրում՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանին։ «Չի կարող»: Ինչո՞ւ։ «Կոնֆլիկտներն ունեն տարբեր «ծագումնաբանություններ», չեմ կարծում, որ մենք՝ որպես նախադեպ, առանձին կոնֆլիկտները պետք է դիտարկենք։ Պետք է դիտարկենք ընդհանուր մոտեցումները, ընդամենը 1 նախադեպ կարող ենք մոտավոր հիմք ընդունել` Կոսովոյինը, որտեղ անկախության գաղափարն սկսվեց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը չկարողացավ Կոսովոյի անկախության համար գտնել այնպիսի բանաձեւ, որն անվտանգություն կապահովի ոչ միայն այնտեղ ապրող մեծամասնության, այլեւ փոքրամասնություն սերբերի համար։ Կիրառվեց վերջինիս միջազգային սուբյեկտ դարձնելու սկզբունքը։ Պետք է ընդունել այս մոտեցումը, որովհետեւ նույն` անվտանգության խնդիրը՝ որպես առաջնահերթություն, ունենք նաեւ ԼՂ-ում, որովհետեւ հարցը միայն հողը չէ, այլ թե այնտեղ ապրող քաղաքացու անվտանգությունն ինչպիսին պետք է լինի»:


«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հարցում մեծ դերակատարություն է ունեցել այժմյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա իր անվան հետ կապվող ընկերության միջոցներով բոլորովին անվճար իրականացրել է Մարությանի նախընտրական քարոզարշավը: «Ընտրություններից ու քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը որոշել է վարձահատույց լինել Վիրաբյանին ու Ֆրանկոֆոնիայի գալա համերգի, ինչպես նաեւ մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների կազմակերպումը (վերջինի բյուջեն 50 մլն դրամ է եղել) տրամադրել է հենց նրան: Բայց, որպեսզի «լավության տակից դուրս գալու» կապը տեսանելի չլինի, քաղաքապետարանն այդ ամենը ձեւակերպել է «Sharm Holding»-ի եւ «Factory Production»-ի անուններով: Վերջինս Հանրային ՀԸ-ում աշխատող ու նախկինում աշխատած մի քանի պրոդյուսերների անունով է գրանցված, բայց դրանով հիմնականում Վիրաբյանն է զբաղվում,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։- Ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ պետական գերատեսչությունների մի շարք միջոցառումներ նույնպես վստահվում են հենց փոխքաղաքապետի հետ կապ ունեցող ընկերությանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՔԿ ծառայության պետի նախկին տեղակալ Արսեն Աֆրիկյանը: Աֆրիկյանն ավելի վաղ եղել է «Աբովյան», հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների ղեկավարը եւ աշխատանքից ազատվել էր կոռուպցիոն բացահայտումների արդյունքում, սակայն հետո նշանակվել էր ՔԿ ծառայության ղեկավարի տեղակալ: Բայց թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսին, նոր իշխանությունները նրան ազատել էին աշխատանքից: Եվ հիմա Աֆրիկյանը դատարանից պահանջում է ստիպել ՀՀ արդարադատության նախարարին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանները՝ վերականգնելով ԱՆ ՔԿ պետի առաջին տեղակալի պաշտոնում»:


 


«Փաստ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ՀՀ նոր իշխանությունների համար յուրատեսակ փորձաքար է դարձել: Բաբայանը մեկ ամիս է, ինչ հանդիպումների շարք է սկսել ինչպես Երեւանում, այնպես էլ Արցախի մի շարք բնակավայրերում: Այս հանդիպումները, ինչպես վկայում են բազմաթիվ լրատվամիջոցներ, հստակ հակափաշինյանական բնույթ են կրում: Մասնավորաբար, օրերս արցախցիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Բաբայանը Փաշինյանին ակնհայտ մեղադրում էր բանակցությունները սխալ ուղով տանելու մեջ: Գոյություն ունեցող տեսանյութերից պարզ է դառնում, որ, ըստ էության, Բաբայանն էլ է միացել «հողերի հանձնման» դավադրության տեսության կողմնակիցներին եւ փորձում է ցույց տալ, որ ինքն է այն «միակ տղամարդը», ով կարող է կանգնեցնել Փաշինյանին: «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետին քանիցս զգուշացրել են, որ Բաբայանը կարող է լուրջ գլխացավանք դառնալ եւ իր պահվածքով բավականին վտանգավոր լինել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, «Սասնա ծռեր» կուսակցությունը որոշել է Արցախում անցնել «պլան բ»-ին: Բանն այն է, որ իրենց ոչ շատ մեծ, բայց կայուն համախոհների մեծ մասը Հայաստանում է, իսկ Արցախում հնարավոր չի դառնում համակիրների կայուն բանակ ձևավորել: Ուստի նրանք տեղերում փորձում են ճշտել, թե ով կարող է միանալ ֆորսմաժորային վիճակներին, եթե, իհարկե, դրա անհրաժեշտությունը լինի: Ըստ շրջանառվող լուրերի, «Սասնա ծռերը» համարում են, որ անցած տարի ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն արդյունք էր առաջին հերթին ՊՊԾ գնդի գրավման ու, ըստ այդմ, իշխանությունների դիմադրողականության նվազեցման: Ուստի նրանք մտածում են իրականացնել այնպիսի քայլեր, որ հետագայում Արցախում իրենք տեր դառնան իշխանությանը, ու ոչ ոք չկարողանա, ի տարբերություն Հայաստանի, իրենցից «խլել» դափնիները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Չեխիայում անցած շաբաթ կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ թաքնված Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Նիստը հրավիրվել է քննարկելու ՀՀ գլխավոր դատախազության դիմումը` Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կայանալիք դատական նիստին կորոշվի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցը: Իրավապահ համակարգը վստահ է, որ Չեխիայի դատարանը բավարարելու է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի բնակիչները նախօրդ օրը տեսել են, թե ինչպես են շարասյունով Երեւան ուղեւորվում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կոլեկցիոն եւ ռազմական նշանակության մեքենաները, որոնք նրա կալանավորումից հետո հայտնաբերվել էին նրա եւ նրա մերձավորների առանձնատներում: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը, չսպասելով Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի ավարտին, որոշել է դրանք օգտագործել ըստ իր հայեցողության»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ չափազանց արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Տեղի քրեական հեղինակություններից մեկը՝ Արթուր Ասատրյանը, հայտնի «Դոն Պիպո» մականվամբ, նշել է իր ծննդյան տարեդարձը: Բայց որպեսզի այն ավելի ճոխ անցնի, հրահանգել է հավաքել քաղաքի դպրոցականներին, որպեսզի նրանք խմբով շնորհավորեն իրեն: Ահա այսպիսի արժեքներ են դասավանդում մեր նորօրյա դպրոցականներին, որոնց համար ընդօրինակման արժանի անձը քրեական հեղինակությունն է»: