Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսած հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտավարական վարժանքների շրջանակում ռազմակայանի զենիթայինները դիմագրավել են պայմանական հակառակորդի հարվածը: Պարապմունքներն անցկացվում են ուսուցման նոր շրջանի սկսվելու և ՀՕՊ զորքերի կազմավորման 101-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում: Նշվում է, որ ՀՕՊ զորքերի պետի ղեկավարությամբ անցկացվող վարժանքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ և ավելի քան 30 միավոր ավտոմոբիլային և զրահատանկային ռազմական հատուկ տեխնիկա: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցուցադրական վարժանքների ընթացքում զենիթայինները կտրտված տեղանքում 150-կիլոմետրանոց երթ են կատարել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում: Ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ռուսական զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումները իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հարձակման միջոցների հրթիռների որոնում, ճանաչում, ուղեկցում և Էլեկտրոնային արձակումներով դրանց ոչնչացում: