27.11.2024
ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման մասին լուրերին
12.01.2017
ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման մասին լուրերին

Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման մասին խոսակցությունները: «Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երևանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: Երևանի գրասենյակի դերը արժևորվում է նաև ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի»,- հայտնել է Բալայանը: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով և չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել Երևանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: «Ներկայում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները և Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին: Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ, նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,- ասել է նա: