24.11.2024
Սամվել Բաբայանի համակիրների միջադեպով կալանավորվել է նաև Քարվաճառի նախկին քաղաքապետը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Կոռուպցիոն չարաշահումների համար ՍԱՊԾ 6 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել. ԳԴ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի:


ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017թ. դեկտեմբերից 2018թ. հունվարին իրականացված՝ 2014-2016 թվականներին ՍԱՊԾ-ում պետական բյուջեի ծախսերի կատարմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման ճշտության ստուգման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը և կից փաստաթղթերը:


Վերջիններիս ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում 2018թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:


Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվարից 2017թ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթևեկելու և գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթևեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա Ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ: Դրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել և շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3.567.800 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափի վնաս:


Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ աշխատակիցների կողմից Ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր՝ 636.400 ՀՀ դրամ գումար:


Բավարար ապացույցների հիման վրա տարածքային բաժիններ գործուղման և երթևեկի համար հատկացված բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի (տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, 2 գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին մասով:


Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:


Նախաքննությունը շարունակվում է: