24.11.2024
Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել ՊՆ շենքի մոտ
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանի համակիրների միջադեպով կալանավորվել է նաև Քարվաճառի նախկին քաղաքապետը. ՔԿ

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը եւ Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը կալանավորվել են: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Նա նշեց, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բելերը կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով):


Մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները. «Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ»։


Ավելի ուշ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջեւ ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։