ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը լուծելու է կարևորագույն խնդիր՝ վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորության սահմանափակում, քանի որ քննարկվող նորմի դիսպոզիցիայում հստակեցվել են հանցագործության կատարման եղանակները և իրավական պարտադիր այլ չափանիշները: Վարչապետ Կարեն Կարապետյանի ճշտող հարցին , թե արդյո՞ք սա կնպաստի բիզնեսի կյանքը թեթևացնելու համար, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է՝ «միանշանակ»: Նախարարը ներկայացրել է, որ աշխատանքային խմբի կողմից առաջարկվել է անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի արդյունավետ կիրառման համար օրենսդրական խնդիրներին, առաջարկվել է քննարկման առարկա դարձնել մի շարք իրավական հարցեր, մասնավորապես` հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի գործող դիսպոզիցիան, վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր և առանձնապես խոշոր չափերը, վերանայել, հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարելուց խուսափելու առնչությամբ հարուցված վարչական և քրեական վարույթների տարանջատման իրավական կառուցակարգերը: Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախագծով առաջարկվում է նաև վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը, քանի որ 2006 թվականից մինչ օրս՝ գրեթե 9 տարի նշված նորմի շեմը չի վերանայվել՝ պահպանելով հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը (2 մլն դրամ), մինչդեռ, 2006թ-ից առ այսօր նվազագույն աշխատավարձի շեմն աճել է մոտավորապես կրկնակի անգամ՝ 20 հազարից հասնելով 55 հազար դրամ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված խոշոր չափը՝ 2 մլն դրամը փոփոխության չի ենթարկվել։