VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Оրաթերթի տեղեկություններով` օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա: Մինչ այդ մեկ փաստ էլ. հետաքրքիր է` ՀՔԾ-ն մարտի 1-ի գործի շրջանակներում առնվազն որպես վկա հարցաքննության կկանչի՞ Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ. ի վերջո, այդ օրերին նա ՀՀ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում եւ ինքն էր իշխանության թեկնածուն, հանուն որի իրականացվեց այդ սպանդը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատասխանատուների ցանկը գնալով ընդլայնվում է, եւ հիմա սլաքներն ուղղվում են դեպի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս առումով պահատական չէր, որ խուզարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ի գործի շրջանակներում, եւ ԱԱԾ հայտարարության մեջ նշված է, որ ստուգվելու են հայտնաբերված զենքերը մարտի 1-ին գործադրված լինելու հանգամանքը: Հազիվ թե ԱԱԾ-ն առանց լուրջ հիմքերի նման ակնարկներ աներ պաշտոնական հաղորդագրության մեջ: Եւ բացի այդ, ինչպես հիշում եք, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ակնարկել էր մարտի 1-ին չհաշվառված «մաքուր» զենք գործադրելու հավանականության մասին` ասելով, որ հայտնաբերված պարկուճները միգուցե այդ պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով հարցաքննվել է: Բայց նրան մեղադրանք դեռ չեն առաջադրել, համենայն դեպս, այդ մասին չկա պաշտոնական որեւէ տեղեկություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանությունների համար դիմել նրան, բայց հեռախոսն անջատած էր: Դատելով իրադարձությունների այսօրինակ զարգացումներից` հնարավոր է շատ արագ մեղադրյալների շարքը համալրի նաեւ Աբրահամյանը: Մինչ այդ տարակուսելի է, որ մարտի 1-ին կիրառված զենքերը կարող է պահած լինեն տասը տարի շարունակ: Ու մեկ փաստ էլ. հետաքրքիր է՝ զինանոցում ինչ գործ ունեն գնդացիրները, դիպուկահար զենքերը. եթե այդ ամենը բանդաներ զինելու, ՀՀ-ում եւ մասնավորապես Արտաշատում ՀՀԿ իշխանություն պահելու համար չէր, ի՞նչու էին հավաքել, պահել այդքան զինամթերք: Ի դեպ, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ էլ նրա եղբայրը Արցախյան պատերազմին չեն մասնակցել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու լիազորությունների կրճատման իրավասությունը վերապահված է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը: Ըստ այդմ, Երեւանի ավագանու լիազորությունները կկրճատվեն, եւ դրան համապատասխան նշանակվեն արտահերթ ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու լիազորությունների կրճատման մասին որոշումն ընդգրկվելու է կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Այսինքն` օրենքի համաձայն` այդ օրը կկրճատվեն ավագանու լիազորությունները, եւ միաժամանակ կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Միեւնույն ժամանակ օրենքը սահմանում է, որ ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նախագիծը կներկայացվի նախարարական կոմիտե եւ կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երեւանն ունենա քաղաքապետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասը օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում երեկ լուրեր էին շրաջանառվում այն մասին, որ ձերբակալվել է ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը: Տեղական լրատվամիջոցները եւս հաղորդել են այդ մասին: Իսկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը. «Քրեական գործի մասով որեւէ տեղեկություն չեմ կարող հայտնել»,- ասել է դատախազը: Պարզաբանում է տվել նաեւ Անահիտ Ֆարմանյանի իրավաբան Հովհաննես Խուդոյանը, վերջինս փոխանցել է, որ Անահիտ Ֆարմանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այն հարցին, թե կա՞ արդյոք ձերբակալման կամ կալանավորման որոշում, իրավաբանը պատասխանել է, որ դեռեւս նման տեղեկության չի տիրապետում, համապատասխան ծանուցում եւս չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան` պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւս հերքել է քրոջ ձերբակալման մասին լուրը. «ո՛չ, ո՛չ, նման բան չկա»,- ասաց նա: Գյումրիում նման լուրերի հիմք հանդիսացել է ՇՊՀ-ում արձանագրված չարաշահումների հերթական դեպքի հայտնաբերումից հետո հարուցված քրեական գործը»: