«1000 դրամների» հիմնադրամի շահառուներ կդառնան Ապրիլյան պատերազմի մասնակիցները. վարչապետ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուներ կդառնան նաև 2015 և 2016 թթ․-ի դեպքերի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները կամ նրանց ընտանիքները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոսքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու օրենքի նախագծի մասին է, որը հանրության շրջանում հայտնի է 1000 դրամների մասին օրենք անվամբ։ Ընթացիկ կարգով նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկումներից պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ․-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա»,- ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ապրիլյան պատերազմի զոհերը և տուժածներն այս օրենքի շահառու չէին համարվում, ըստ այդմ այս որոշմամբ լուծվում է այդ խնդիրը։
ՀՀ Պաշտպանության նախարարի ներկայացմամբ՝ շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ, այդ թվում՝ 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ։
Հիշեցնենք, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրությունն ապահովելու նպատակով:
2017թ.-ի հունվարի 1-ից Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: