2017 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում Հայ ազգային կոնգրես կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցներում այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ տարիքը չի կարող այս անգամ խոչընդոտել Լևոն Տեր-Պետրոսյանին, մինչդեռ, ինչպես հիշեցրեցին լրագրողները, 2013 թվականին Տեր-Պետրոսյանը հրաժարվեց նախագահի պաշտոնի համար պայքարից հենց տարիքի պատճառով: «2013-ին տարիքը կարող էր որոշիչ լինել Լևոն Տեր-Պետրոսյանի համար, բայց հիմա այլ հարց է, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում»,-ասաց Զուրաբյանը: Ինչ վերաբերում է հնարավոր դաշինքին, ապա Զուրաբյանը չբացառեց, որ բանակցություններ և դաշինք հնարավոր է, սակայն ինչ վերաբերում է ցուցակը գլխավորելուն, ապա իր կարծիքը մեկն է. «Չեմ կարծում, որ ցուցակը գլխավորելու համար ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջադրել»,- հավելեց նա: