Միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումը Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա
Ամբողջական ու միացեալ Հայաստանի տեսլականին առաջին իրագործումը Արցախի միացո՛ւմն է Հայաստանին: Մայիսի 26-ին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում այսպիսի պատգամ է հղել Սարդարապատի հաղթանակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ։
Նա հիշեցրեց, որ մենք կոչված ենք ուենենալու ամբողջական ու միացյալ հայրենիքի երազանք և պետք է զորացնենք ներկա Հայաստանը, որովհետև միասնական ու ամբողջական Հայաստանի արմատները գտնվում են ներկա Հայաստանի մեջ և այդ այդ արմատների վրա պիտի բարձրանա հզոր, ամբողջական և միացյալ Հայաստանը։
«Այսօր յուրաքանչյուր հայի պարտավորությունն է հզորացնել ներկա Հայաստանը»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է զարգացնել հայրենիքը, և դա համազգային առաքելություն է և յուրաքանչյուր հայի պարտավորությունը։
«Մեր զավակներն այսօր պետք է մասնակից դառնան Ղարաբաղի անկախության ամրապնդման նվիրական առաքելությանը, Ղարաբաղը մերն է, մեր ժողովրդի զավակները իրենց արյունով վերագրավեցին, վերահաստատեցին, վերատիրացան մեր ժողովրդի արդար իրավունքներին, մեր սրբազան հողին և այսօր մեր ժողովրդի քրտինքով Ղարաբաղը զարգացման ընթացքի մեջ է»,- ասաց Արամ Ա–ն:
Նա շեշտեց, որ Ղարաբաղում արյամբ վերահաստատված իրավունքը սակարկությունների զոհ չի կարող դառնալ։
«Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշնակի Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը»,– ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Նա հորդորեց հրաժարվել բևեռացումներից, այնպիսի քայլերից, որոնք Հայաստանում, Ղարաբաղում և Սփյուռքում ներքին ցնցումներ կարող են առաջացնել։
«Մեր պատմության այս ճակատագրական հանգրվանին, երբ մենք շրջապատված ենք թշնամիներով մեր ժողովրդի ներքին միասնականություն հրամայականը առաջնահերթ անհրաժեշտություն է»,– ասաց Արամ Ա-ը։