25.11.2024
Միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումը Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձն ազատ է արձակվել ու «լայվ» մտել

«Ազատության» հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից` Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել:


Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով՝ ոստիկանության շենքի մոտից: 


Մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։


Ջիվան Աբրահամյանն այսօր բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։


«Ոստիկանության Կենտրոնի բաժին ես բերման եմ ենթարկվել ընդամենը մի բանի համար. կար բողոք, պետք է Քննչական մարմիններն իրականացնեին իրենց քայլերը:


Ես օրենքով ոչ մի դատապարտելի և սխալ արարք չեմ արել: Իմ խոսքերը պարզ գրած են Ֆեյսբուքում: Եթե մեկնաբանելու և հայերեն լեզվին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ իմ երկրի համար»,- ասել է նա:


«Ցավում եմ, որ նախկին պաշտոնյաները դիմում են գրում՝ առանց հայերենին տիրապետելու: Դա պրոբլեմ է: Ժամանակն է՝ սաղիդ դիմակները տրաքացնելու: Դուք պատգամավորի անձեռնմխելիություն ունեք, ես էլ ՀՀ քաղաքացու անձեռնմխելիություն ունեմ»,- ասել է նա՝ խոսքերն ուղղելով այն պատգամավորներին, որոնք քննադատել էին իրեն: Նշել է նաեւ, որ մամուլի ասուլիս կհրավիրի երկու օր հետո, որի ժամանակ էլ հայտարարություններ կանի:


Վերջում Ջիվան Աբրահամյանը վստահեցրել է, որ ինքը որևէ կառույցի հետ չի համագործակցում, չի համագործակցում նաև «Իմ քայլը» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի հետ, իր բոլոր քայլերն անում է սեփական մղումներով:


Հիշեցնենք, որ ոստիկանությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր.


«Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով»: