Մայիսի 25-ի առավոտյան Երևանից մեկնարկեց «Սասնա Ծռեր» կուսակցության համահայկական ավտոերթը: Ավտոերթով շարժվելու են նաև Արցախի տարածքում եւ հանդիպումներ ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում: Ողջ երթուղին կազմում է 1100 կմ:
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Արեգ Կյուրեղյանը ավտոերթի մասին ասել է. «Գնում ենք հեղափոխությունը հասցնենք Արցախ: Մեր նպատակն է, որ Արցախն էլ չունենա նախագահ, ԱԺ նախագահ, այլ ունենա մարզպետ իր վարչակազմով, ինչպես ՀՀ բոլոր մարզերը»:
Ծռերի սադրիչ ավտոերթը համընկավ նախօրեին Երևանում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների բողոքի ակցիայի հետ, որտեղ կրկին անգամ հնչում էին Արցախի ղեկավարության դեմ կոչեր, անգամ սպառնալիքներ, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար հենց արցախցիները հաշվեհարդար կտեսնեն Բակո Սահակյանի հետ: Այդ կապակցությամբ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին` պահանջելով ուսումնասիրել մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի կազմակերպիչներից մեկի` Ջիվան Աբրահամյանի ելույթը, որը պարունակում է սպառնալիքներ` ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Ջիվան Աբրահամյանն այն ակտիվիստներից է, որ փակում էր Էջմիածնի մուտքը, որպեսզի թույլ չտա կալանքից ազատ արձակված Մանվել Գրիգորյանը մտնի քաղաք, ինչպես նաև դատարանի մոտ ճնշումներ էր գործադրում Մանվել Գրիգորյանի փաստաբանի նկատմամբ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ նա իր կողմնակիցներով շրջապատել էր դատարանի շենքն ու վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում նախկին նախագահի ու նրա կողմնակիցների նկատմամբ:
Սորոսական ու գրանտակեր տարբեր կազմակերպությունների ակտիվիստների հակաարցախյան քարոզն ու կոչերն, այդ թվում՝ Արցախ հեղափոխությունը տեղափոխելու, Բակո Սահակյանին տապալելու և ՀՀ-ում իշխանությունների մաս կազմած Արցախի ծագում ունեցող անձանց նկատմամբ աննախադեպ թշնամանքի քարոզն ու տարածումը սոցիալական ցանցերում ՀՀ-ի ու Արցախի ազգային անվտանգությանն են հարվածում: Դրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն, որն այդ ուղղությամբ, սակայն, ոչ մի քայլ չի ձեռնարկում:
Երևանում հնչում են Արցախի իշխանությունների նկատմամբ սպառնալիքներ և հաշվեհարդար տեսնելու կոչեր, Սասնա Ծռերը սադրիչ ավտոերթ են կազմակերպում և Արցախի մուտքի մոտ պաստառ են ամրացնում, որ Արցախը ՀՀ մարզ է, և այս պարագայում ՀՀ իշխանությունները ոչ մի արձագանք չեն տալիս կամ իրենց լռությամբ նպաստում են այդպիսի քարոզի: Դա նշանակում է, որ այդ ուժերը, որոնք սնվում են Ջորջ Սորոսի հիմնադրամից կամ Արևմուտքի կողմից, գործում են ՀՀ կառավարության գիտակցությամբ և համակարգված:
Նիկոլ Փաշինյանն այդ կերպ մեսիջ է հղում Արցախին, որ չպետք է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, իսկ ՀՀ-ից Արցախ հեղափոխության արտահանումը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ և տապալել այնտեղի իշխանություններին: Սակայն Արցախում հեղափոխությունն առաջին հերթին օգնելու է Բաքվին, որոնք անմիջապես սկսելու են ռազմական գործողությունները: Ադրբեջանն առաջնագծում կուտակել է բավականին հարվածային ուժեր, ամրապնդել է առաջնագիծն ու այս տարի 10-ից ավել զորավարժություններ անցկացրել:
Արցախում նույնպես կան որոշ ուժեր, որոնք աջակցում են Արցախում իշխանափոխության գաղափարին՝ երևանյան դեսանտը փորձելու է հենվել նրանց վրա:
Այսպիսով, սորոսականները՝ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, փորձում են ապակայունացնել Արցախը, «ականապատելով» այն նաև թիկունքից՝ ՀՀ-ից ու Ստեփանակերտին թողնել միայնակ Ադրբեջանի հետ ապագա պատերազմում, այդպիսով կտրելով Արցախը թիկունքից՝ Մայր Հայաստանից:
Սորոսական ուժերի հիմնական նպատակն է սրել ՀՀ-Արցախ հարաբերությունները, մեկուսացնել ՀՀ-ում այսպես կոչված ղարաբաղյան կլանը կամ ռուսամետ քաղաքական պլատֆորմները, հասնել ՌԴ-ՀՀ հարաբերությունների վատթարացմանը, ինչին ականատես ենք լինում վերջին շրջանում, ինչպես նաև ՀՀ-ն վերածել արևմտամետ, ռուսաֆոբ երկրի, որը կծառայի նաև, որպես հակաիրանական պլացդարմ, ԱՄՆ-ի գեոպոլիտիկ ծրագրերում: