26.11.2024
Գովելի կլիներ այն, որ ՀՀ իշխանությունները հայտարարեն, թե ում են սատարում Արցախում. Բաբայան
prev Նախորդ նորություն

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, բանավեճ է խենթության և իրատեսության միջև. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:


Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում ճանապարհին մտածում էի, թե որ տարբերակով սկսեմ իմ ելույթը, որովհետև մի քանի տարբերակ էի մտածել, բայց դուք ձեր խոսքով կանխորոշեցիք` խոսելով խենթ գաղափարների մասին: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում` հենց մեծ բանավեճն է խենթության և իրատեսության միջև: Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում:


Այս ամենն ընդամենը հայտարարություն չէ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և այն ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էության այս գաղափարի իրագործումն է: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: «Տաթևեր»-ը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է: Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այն իրագործելու համարձակությամբ օժտելն է:


Այս մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի այդ ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որովհետև տնտեսական զարգացումը հենվում է առաջին հերթին անհատների վրա: Իհարկե, շատ կարևոր է խոշոր ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, բայց իմ համոզմամբ նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից: Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար: Ողջունում եմ այսօրվա համաժողովը և հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այս կարևոր առաքելությունն ի կատար ածելու գործում: Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք հավատան և հաղթեն»:


Ներդրումային համաժողովի նպատակն է՝ Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր, փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:


Համաժողովի շրջանակում ներկայացվում են Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը և ներուժը, արդեն հաջողություն գրանցած ու ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնց թիվը հասնում է 20-ի։


Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջելու է ցուցահանդեսով` ծանոթանալու մարզի տեղական արտադրությանը: