26.11.2024
Բիշարյանը վստահ է՝ պետությունը կարող էր «Նաիրիտը» ոտքի հանել, բայց անսպասելիորեն հայտարարում է այն սնանկ
07.12.2016
Բիշարյանը վստահ է՝ պետությունը կարող էր «Նաիրիտը» ոտքի հանել, բայց անսպասելիորեն հայտարարում է այն սնանկ

VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 28-ին դատարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պահանջով «Նաիրիտ» գործարանը ճանաչեց սնանկ: Սա այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու դատական նիստը պետք է տեղի ունենար հունվարի 25-ին, իսկ մինչև հունվարի 20-ը կառավարությունն ընդունելու է «Նաիրիտի» ներդրողների մրցույթի հայտեր: Այսօր Ազգային Ժողովի շենքի դիմաց գործարանի նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան էին իրականացնում, իսկ ներսում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառավարությանն ուղղված հարց բարձրացրեց: Պատգամավորը վստահ է՝ պետությունը կարող էր «Նաիրիտը» ոտքի հանել, բայց նոյեմբերի 28-ին անսպասելիորեն տեղի է ունենում «Նաիրիտի» սնանկացման հետ կապված դատական նիստ, որտեղ գործարանը սնանկ է ճանաչվում: Հեղինե Բիշարյանն ընդգծեց՝ սա այն դեպքում, երբ դատական նիստը պետք է տեղի ունենար 2017 թվականի հունվարի 25-ին, սակայն չգիտես ինչու նիստը տեղափոխվում է և առանց կողմերի մասնակցության նոյեմբերի 28 սնանկացման որոշում կայացվում: «Փետրվարի 14-ին տեղի է ունենալու պարտատերերի առաջին նիստը: Արդյո՞ք «Նաիրիտի» սնանկ ճանաչման գործընթացի ժամկետները միտումնավոր չեն արագացվել և արդյո՞ք սնանկ ճանաչվելը չի խանգարում կառավարության կողմից հայտարարված ներդրողների մրցույթին»,- հետաքրքրվեց Բիշարյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սնանկացումը ընկերության առողջացման եղանակներից մեկն է և չէր գտնվի մի ներդրող, որը պատրաստ կլիներ գալու ներդնելու գումարներ մի ընկերության մեջ, որից հնարավորություն կար գանձելու 100 միլիոն դոլար: Եվ հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը, ըստ Հարությունյանի, հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, եթե այդպիսիք կան, որպեսզի գան ու ներկայացնեն առողջացման ծրագիր: Բիշարյանն էլ հայտարարեց՝ «Նաիրիտի» հետ կապված այդ թնջուկը հենց կառավարությունն է ստեղծել՝ արհամարհելով նաիրիտցիներին տարիներ շարունակ. «Սա երեկվա դեպք չի, սա այս կառավարության խնդիրը չի, այլ բոլոր կառավարությունների ժամանակ հնչեցվող խնդիր է եղել: Եվ այս կառավարությունը, որը փորձում է տարբերվել մյուսներից, ձեռագրով ոչնչով չտարբերվեց՝ նորից արհամարհելով նաիրիտցիներին: Ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեք հիմա»,- հետաքրքրվեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: ««Նաիրիտը» տարիներ շարունակ եղել է ոչ շահութաբեր, անգամ երբ աշխատել է, և անգամ, երբ կար արտադրություն և մարդկանց վճարվում էր աշխատավարձ, դա արվում էր ի հաշիվ պետական տնտեսավարողների և մեր բոլորի գրպանների, որպեսզի «Նաիրիտի» աշխատակիցներին վճարվի աշխատավարձ: Եվ ես չգիտեմ որևէ այլ արտադրություն Հայաստանում, որի աշխատակիցների աշխատավարձը վճարում էինք մենք բոլորս՝ հարկատուներով: Եվ կառավարությունը, իմ խորին համոզմամբ, իսկապես ճիշտ է անում, երբ մի պահ կանգ է առնում և ասում է ՝ եկեք այս հարցում գտնենք վերջնական լուծում»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Եվ եթե իսկապես գտնվի ներդրող, հավելեց նա, ապա ներդրողի համար ամենակարևոր բանը կլինի այն, որ պարտքերը լինեն սառեցված, որոնք սառեցված են հենց սնանկացման վարույթի շնորհիվ: Նշենք, որ մեկ ամիս առաջ Սլովակիայում գործող «EU-ASIA buisness finance centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստ է ներդրում կատարել և մասնակցել մրցույթին: Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշել էր, որ կատարված են բոլոր ուսումնասիրությունները, իրենք ունեն գործարանի վերագործարկման համար ներդրումային ծրագիր և դիմել են կառավարությանը, սակայն անհասկանալի պատճառներով կառավարության մոտ չկա «Նաիրիտի» վերագործարկման ցանկություն: Գործարանի սնանկացման լուրը ստանալուն պես Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ այդպիսով պետությունը փորձում է կոծկել բազմամիլիոնանոց թալանը, որ տեղի է ունեցել անցած տարիներին:շ Նշենք նաև, որ «Նաիրիտի» պարտքը կազմում է 100 մլն դոլար: