Անձնակա՞ն, թե՞ քաղաքական. ինչո՞ւ է Վարդան Բոստանջյանը վայր դիմում մանդատը
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», - նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
ԱԺ “Ծառուկյան” խմբակցությունից հայտնում են, որ Բոստանջյանի այս քայլն ունի բացառապես անձնական պատճառ: “Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել:
Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել:
Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և “Ծառուկյան” խմբակցությունը և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել”, - ասված է հայտարարության մեջ:
Նախօրեին Վարդան Բոստանջյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցում քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, թեեւ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել:
«Երեւի քաղաքական հալածանքն ու հետապնդումը հոմանիշ չեն, բայց բոլոր պարագաներում կարելի է որակել որպես այդպիսին՝ հետապնդում»,- ասել էր նա: Հարցին՝ ինչի՞ հիման վրա է այն քաղաքական հետապնդում համարում, Բոստանջւյանը պատասխանել էր. «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու։ Եթե կալանավարումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։ Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»։