ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերիին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը: ԱԺ փոխնախագահը ողջունել է սիրիացի պատգամավորների այցը Հայաստան և նշել, որ հայ-սիրիական բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն առավել ամրապնդվել է՝ Սիրիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին ապաստանելու և երկրորդ հայրենիք պարգևելու շնորհիվ: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունն ու այդ հարցում առանձնակի տեղ հատկացրել միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ուղղված քայլերի համար: «Ցեղասպանությունների ժխտումը լի է ոճրագործության կրկնության վտանգով. թուրքական ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնեցին նոր, Իսլամական Պետության նման ահաբեկիչների»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Սիրիայում առկա ճգնաժամին. ԱԺ փոխնախագահը սիրիացի ժողովրդին մաղթել է տոկունություն և հույս հայտնել, որ շուտով երկրում կտիրի խաղաղություն և օրինականություն: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում և վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար: Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերին փոխանցել են սիրիական իշխանությունների և ժողովրդի երախտագիտությունը հայ ժողովրդին՝ դժվարին պահերին իրենց սատարելու և աջակցության համար: Սիրիացի խորհրդարանականները նույնպես կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումը և նշել, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ընթանում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի քննարկումները: