Մամուլի տեսություն. ՀՀԿ համագումարին հրավիրված են մարդ-կուսակցություններ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու համար արտասահմանից հրավիրված են ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Իսկ հայաստանյան կուսակցություններից հրավիրված են ՀՀԿ-ի «գործընկերները»: Թադեւոսյանը մեզ հետ զրույցում թվարկեց կուսակցությունների անունները, որոնց մեջ, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են: «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, նախագահ` Վազգեն Մանուկյան, «Ազգային միաբանություն» կուսակցություն, նախագահ` Արտաշես Գեղամյան, «Հզոր Հայրենիք» կուսակցություն, նախագահ` Շիրակ Թորոսյան, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, նախագահ` Խոսրով Հարությունյան, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն, նախագահ` Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյան, «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, նախագահ` Հակոբ Ավետիքյան, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, նախագահ` Հայկ Բաբուխանյան, «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն, նախագահ` Սեյրան Ավագյան, «Մայր Հայրենիք» կուսակցություն, նախագահ` Կարինե Թումանյանը, «Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, պատասխանատու` Գերասիմ Բարսեղյան, «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցություն, նախագահ` Նարեկ Գալստյան, «Ռեֆորմիստներ» կուսակցություն, նախագահ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլեւ՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաեւ իր ներդրումը: Հիմա Սամվել Կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում: Մեծ դերակատարում ունի նաեւ նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու մեջ:
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, հաջորդ ԱԺ-ի համար դիտարկվում է խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջինս 2014 թ. Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հրապարակային հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, հենց Հովիկ Աբրահամյանի ապաշնորհ վարչապետությունը «չսպասարկելու» համար: Կարեն Կարապետյանը համարվում է Մոսկվայի մարդը, այժմ էլ անթաքույց պնդում է, որ պատրաստ է ԱԺ նախագահ աշխատել թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, թե հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտային համակարգի արդիականացման նոր գաղափար է առաջ քաշում, որը թեեւ օգտակար, բայց միեւնույն ժամանակ գերթանկարժեք է. միայն խորհուրդ հարցնելը 850 հազար ԱՄՆ դոլար արժի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտնեց, որ քաղաքապետարանը նպատակադրվել է Երեւանում ստեղծել միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրատրանսպորտ եւ մեկ օպերատորի առկայություն. «Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»:
Այս գաղափարը իրագործելու համար Երեւանի քաղաքապետարանին անհրաժեշտ է խորհրդատվություն, որն, ըստ փոխքաղաքապետի, իրականացնելու է բրիտանական «ՎԻ ԱՅ ՋԻ» կազմակերպությունը: Խորհրդի նախահաշվարկային արժեքը 850 հազար ԱՄՆ դոլար (408 մլն դրամ) է: Ու երբ այս գերթանկարժեք խորհուրդները ստանա քաղաքային իշխանությունը, 80-100 միլիոն դոլար պետք կգա, որպեսզի խորհուրդը կյանքի կոչվի: Ինչ խոսք, ծրագիրը ողջունելի է, արժանապատիվ երթեւեկության անհրաժեշտություն վաղուց է զգացվում մեր քաղաքում: Բայց եթե միայն խորհրդատվության վրա 850 հազար դոլար է ծախսվում, դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի իրապես երթեւեկել՝ «շախմատի ձի չդառնալով»»:
«Հրապարակ» թերթի խմբագիրը գրում է. «Զրուցակիցս մեծ հիմնարկի ղեկավար է, հանրապետությունում հայտնի անձնավորություն։ Իմանալով, որ «Հրապարակի» խմբագրի հետ է խոսում, որոշում է մի քանի դիտարկումներ հայտնել ինձ՝ հազար դրամների աղմկոտ նախագծի, բանակում տիրող վիճակի եւ այլ թեմաներով։ Ասում է՝ դեմ չէ այդ նախագծի գոյության իրավունքին, եթե պետությունը չի կարողանում մեր սահմանապահների, մեր զինվորների մասին հոգ տանել, ոչ մի վատ բան չկա դրանում, որ հասարակությունն իր վրա վերցնի այդ հոգսը։
Ապշած է Ազգային ժողովի պատգամավորների «փարիսեցիությունից», որոնք կոռուպցիայի, գողության ապացույցներ էին պահանջում, հայտարարում էին, որ «չկա փաստ՝ չկա կոռուպցիա»։ «Ո՞վ չգիտի, որ գողանում են եւ ամենից շատ՝ բանակում»,- ասում է զրուցակիցս։ Ով կասկածում է, թող գնա Վահագնի թաղամաս, եւ վրդովված պատմում է Սեյրան Օհանյանի քառահարկ դղյակի մասին։
Ասում է, որ ի սկզբանե Հովնանյաններն այստեղ որոշակի չափանիշներ էին սահմանել՝ 6 տիպային նախագծեր էին մշակել, որից բնակիչն ընտրում էր մեկը։ Պաշտպանության նախկին նախարարը որոշել է 7-րդն «ընտրել» եւ մի քանի հողամաս միմյանց կպցնելով՝ ահռելի տուն կառուցել։ Ես մեղմորեն նկատում եմ, որ դղյակները մեզանում նորույթ չեն՝ գնացեք Մոնումենտ»:
«Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էլ էր շատ վստահ, Գորբաչովն էլ էր շատ վստահ, Ելցինը սոսկալի վստահ էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էր վստահ, բայց ժամանակը գալիս է, բոլորն էլ փոխվում են։ Սերժ Սարգսյանը դրացից ոչ մեկից ավելին չի, առավել ևս, այն ժամանակը, ինչ իրեն հատկացված էր, նա այդ ժամանակն արդեն լրացրել է, և պետք չէ նախորդներից տարրբերվել մնալու առումով, առավել ևս, որ նախորդներն իրենց ժամանակին գոնե խոստումը պահել ու հեռացել են, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դեռ մի բան էլ շուտ»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։
Խոսելով Սերժ Սարգսյանի՝ հետագա պաշտոնավարմանը վերաբերող հայտարարությունների մասին, Ա. Սարգսյանն ասել է. «Եթե դու սահմանադրական հանրաքվեից առաջ ասում ես, որ որևիցե՝ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ այլ պաշտոնների չես հավակնում, ու հիմա ասում ես, թե ժամանակը կգա՝ կերևա, դեռ տեսնենք՝ ինչքան քվե կունենանք… 8 տարին ցանկացած նախագահի համար բավարար ժամկետ է։ Ինքն այդ բավարար ժամկետն ուղղակի վատնել է՝ երկրին որևէ դրական փոփոխություններ չբերելով, երկրի ներքաղաքական կյանքը վերածելով ճահճի»։