30.09.2024
Վերին Լարսը փակ կմնա մեկ շաբաթ
25.06.2016
Վերին Լարսը փակ կմնա մեկ շաբաթ

Արդեն մի քանի օր է փակ է Վերին Լարսի անցակետը, ինչը դժվարություններ է առաջացրել հայ արտահանողների համար: Պատճառը` քարաթափումն է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սակայն, տեղեկացնում են, որ նախնական տվյալներով անցակետը փակ կլինի դեռ մոտ մեկ շաբաթ: Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման վտանգը դեռ առկա է: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է`պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: "Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով: Առաջարկում ենք արտահանողներին օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը", - ասված է գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Սպայկա» ընկերություն` 010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 055 541 968 հեռախոսահամարներով: