«Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանի ապակիները»
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում ահազանգում է, որ վարչապետի հորդորով դատարանները արգելափակած քաղաքացիները կոտրել են դատարաններից մեկի պատուհանների ապակիները:
«Դատարաններից մեկում Վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։
Ոստիկանությունը անգործության է մատնված։
Դուք սա չեք մարսի, Նիկոլ Փաշինյան»,- գրել է Մելիքյանը։
Նշենք, որ առավոտվանից մի շարք դատարանների մուտքերի մոտ հավաքված են ցուցարարներ: Արգելափակված է նաև Սահմանադրական դատարանի մուտքը:
Ի պատասխան այս ահազանգի ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի պատուհանի ապակին կոտրված է ներսից: Դրսից որեւէ վնասվածք չկա, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: